Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայկական բիզնեսը պետք է հեռանա միանձնյա կառավարման սկզբունքից. փորձագետ

14.10.2014, 15:51
Հայկական բիզնեսը պետք է հեռանա միանձնյա կառավարման սկզբունքից, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Առաջնորդության զարգացման աշխարհի խոշորագույն կենտրոններից մեկի` INSEAD բիզնես դպրոցի հիմնադիր-պրոֆեսոր, հանրաճանաչ KDVI առաջնորդության զարգացման խորհրդատվական ընկերության նախագահ Մանֆրեդ Կե դե Վղիենը։
Հայկական բիզնեսը պետք է հեռանա միանձնյա կառավարման սկզբունքից. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական բիզնեսը պետք է հեռանա միանձնյա կառավարման սկզբունքից, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Առաջնորդության զարգացման աշխարհի խոշորագույն կենտրոններից մեկի` INSEAD բիզնես դպրոցի հիմնադիր-պրոֆեսոր, հանրաճանաչ KDVI առաջնորդության զարգացման խորհրդատվական ընկերության նախագահ Մանֆրեդ Կե դե Վղիենը։

«Հայաստանում առաջնորդները բավականին վճռական են, ինչը բացատրվում է Հնագույն Հայաստանի և խորհրդային շրջանի միանձնյա ղեկավարմամբ, և դա հետք է թողել ղեկավարների գործունեության վրա»,– ասաց Կե դե Վղիենը «Ամերիա» ԸԽ կազմակերպված առաջնորդության հմտությունների զարգացման վարպետության դասի շրջանակում։

Ինչպես կարծում է փորձագետը, հայ ձեռնարկատերերի համար օգտակար կլիներ միջերկրածովյան տեսակի կազմակերպչական համակարգը, որին բնորոշ է առաջնորդության ցանցային սկզբունքը։

«Պետք է կարողանալ ձևավորել տարբեր թիմեր, այդ թվում` առանց առանձին առաջնորդի վիրտուալ կառավարման միջոցով, ինչը բարդ է անել Հայաստանում, որտեղ նախընտրությունը տրվում է մեկ տնօրենի կամ կառավարչի։ Հայաստանում առայժմ գործում է կառավարման խառը տեսակը` այսպես կոչված, կառավարվող ժողովրդավարություն, կառավարման նեոպատրիարխիկ համակարգ։ Բայց կան նաև դրական միտումներ, պարզապես պետք է մի փոքր ավելի բաց և շփվող լինել»,– ասաց Կե դե Վղիենը։

Նա նշեց, որ առաջնորդությունն ունի մի քանի ֆունդամենտալ հիմք` ինքներս մեզ կողքից գնահատելու ընդունակությունը ռացիոնալ որոշումներ ընդունելու համար, ստորադասներից առավելագույն արդյունք ստանալու հնարավորությունը, գոռոզության հաղթահարումը, թիմային աշխատանքը և արդյունավետ ու չլարող մթնոլորտը կոլեկտիվում։

INSEAD բիզնես դպրոցի մենեջմենթի պրոֆեսոր Էլիզաբեթ Անժելուի խոսքով, «Ամերիա» ԸԽ նախաձեռնած դասընթացները պետք է օգնեն հասկանալ սեփական անձը, զարգացնել հավակնությունները և սեփական ապագայի տեսլականը ու սովորել անձնական և պրոֆեսիոնալ հարաբերություններ կառուցել կոլեկտիվում։

«Ամերիա» ընկերությունների խմբի զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանն իր հերթին նշեց, որ ընկերությունն ակտիվորեն բավականին լուրջ ներդրումներ է իրականացնում իր թիմի զարգացման մեջ և առաջնորդության ոլորտի համաշխարհային լավագույն փորձագետների լսելու հնարավորություն ունի։

Ըստ նրա, նախևառաջ, դա մասնագետների լսելու, սեփական անձը, սեփական ներուժը, առաջնորդության ֆունդամենտալ հիմքերը հասկանալու հնարավորությունն է, և այն, թե որ ուղղությամբ է անհրաժեշտ զարգանալ։

«Մենք արդեն երկրորդ տարին է, ինչ նմանատիպ միջոցառում ենք իրականացնում, և արդյունքները տպավորում են` թիմը ոգևորվում է` շփվելով աշխարհի լավագույն փորձագետների հետ, ինչն իր ավանդն է ներդնում բիզնեսի զարգացման մեջ։ Փորձագետների խորհուրդներն ակտիվ ներդրվում են գործի մեջ և արմատապես փոխում են թիմային աշխատանքի նպատակների ընկալումը, դրական են ազդում աշխատանքի վրա` օգնելով փոխել աշխատողների մտածողությունը, ինչն առավել կարևոր է թիմային աշխատանքում»,– ասաց Ջրբաշյանը։

«Ամերիա» ԸԽ–ն իր աշխատողների և գործընկերների համար առաջնորդության հմտությունների զարգացման վարպետության դաս է անցկացնում։ Ծրագրի շրջանակում հոկտեմբերի 14–ին և 15–ին առաջնորդության զարգացման խոշորագույն համաշխարհային կենտրոններից մեկի` INSEAD բիզնես–դպրոցի հիմնադիր, առաջնորդության զարգացման KDVI հայտնի խորհրդատվական ընկերության նախագահ պրոֆեսոր Մանֆրեդ Կե դը Վրին վարպետության դասեր է անցկացնում «Առաջնորդության մարտահրավերներ 2014» թեմայով և բարձրագույն և միջին օղակի ղեկավարների համար նախատեսված առաջնորդության թրենինգ։

Վարպետության դասին մասնակցում են «Ամերիա» ԸԽ–ի ոչ միայն բարձրագույն և միջին օղակի աշխատակիցները, այլ նաև ԸԽ–ի հաճախորդներն ու գործընկերները, մասնավորապես` պետական կառույցների, ինչպես նաև տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նախկին տարիներին «Ամերիա» ԸԽ–ի նախաձեռնությամբ, առաջնորդության դասեր էին անցկացվում «Սկոլկովո» կառավարման դպրոցի հետ համատեղ։

Իրենց փորձի և առաջնորդության հմտությունների մասին խոսում էին «Սկոլկովո» կառավարման դպրոցի գործընկեր–հիմնադիր, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Սլոունի կառավարման դպրոցի (MIT Sloan School of Management) «ձեռնարկատիրություն» առարկայի դասավանդող Նուբար Աֆեյանը, «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի շրջանավարտների հետ կապերի խորհրդի անդամ Գոռ Նահապետյանը, մի շարք ընկերությունների հիմնադիր–տնօրեն, Fidelity Investments ընկերության պորտֆելի կառավարիչ Ռոբերտ ֆոն Ռեկովսկին, «Քելոգ» կառավարման դպրոցի մենեջմենթի պրոֆեսոր, «Բեռլինի ստեղծագործական առաջնորդություն» դպրոցի պատվավոր դեկան Պիեր Կասը, «Սկոլկովո» կառավարման դպրոցի Executive Education ծրագրի տնօրեն Ելիզավետա Սադովան և այլոք։

«Ամերիա» անունով և ապրանքանիշով գործող ընկերությունները հայկական շուկայում առավել ակտիվ զարգացող հաստատություններից են։ Դրանք մասնագիտական ծառայություններ են մատուցում իրավաբանական և կառավարչական ծառայությունների ոլորտում, խորհրդատվություններ ներդրումային և բիզնես նախագծերի իրականացման հարցերով, ինչպես նաև ֆինանսական և բանկային ընկերություններ։ «Ամերիա» ընկերությունների խմբի տրամադրած խորհրդատվական և ֆինանսական ծառայությունների փաթեթը հարթակ է ստեղծում Հայաստանի և մարզերի հաճախորդների համալիր աջակցության համար։
-0-