Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՄՄ մուտք գործելուց հետո Հայաստանը սեփական ապրանքները մեծ շուկա արտահանելու հնարավորություն կստանա. Վալովայա

03.12.2013, 19:22
Մաքսային միություն մուտք գործելը թույլ կտա Հայաստանին սեփական ապրանքները մեծ շուկա արտահանելու հնարավորություն ստանալ, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի հիմնական ուղղությունների և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան։
ՄՄ մուտք գործելուց հետո Հայաստանը սեփական ապրանքները մեծ շուկա արտահանելու հնարավորություն կստանա. Վալովայա
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Մաքսային միություն մուտք գործելը թույլ կտա Հայաստանին սեփական ապրանքները մեծ շուկա արտահանելու հնարավորություն ստանալ, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի հիմնական ուղղությունների և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան։

Վալովայան երեքշաբթի մասնակցել է «Ռուսաստանի և Հայաստանի տնտեսությունների մրցունակության բարձրացումը մաքսային միության պայմաններում» թեմայով կլոր սեղանին, որն անցկացվել է Հայ–ռուսական երրորդ միջտարածաշրջանային համաժողովի շրջանակներում։ «Ռուսաստան. Հայաստան. Մաքսային միություն» երրորդ միջտարածաշրջանային հայ–ռուսական համաժողովը բացվել է նախօրեին Գյումրիում` Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի ներկայությամբ։

«Հայաստանը, ՄՄ–ին միանալով, կստանա սեփական ապրանքները շատ մեծ շուկա արտահանելու հնարավորություն, ինչը շատ կարևոր է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սննդի արդյունաբերությունը, թեթև արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը», – ասաց Վալովայան։

Նա նշեց, որ ՄՄ մտնելուց հետո կավելանա դեպի Հայաստան կատարվող ներդրումների հոսքը, քանի որ ներդրողների համար հասանելի կդառնա ոչ միայն հայկական փոքր շուկան, այլև ՄՄ–ի ընդարձակ տարածքը։

«Հայաստանը միշտ Անդրկովկասում ՄՄ–ի համար առանցքային տնտեսական գործընկեր է եղել։ Այս տարածաշրջանում Հայաստանի դիրքի օգտագործումը ՄՄ անդամ–պետությունների համար լրացուցիչ հնարավորություններ կստեղծի ինչպես այս երկիր կատարվող ներդրումների, այնպես էլ նրա միջոցով հարևան պետություններ դուրս գալու հարցում», – պարզաբանեց փորձագետը։

Խոսելով Հայաստանի` ՄՄ–ի համար հետաքրքրություն ներկայացնող տնտեսական ոլորտների մասին` Վալովայան առաջին հերթին նշել է ֆինանսական ծառայությունների ոլորտը։

«Հայաստանի ֆինանսական ոլորտում կան ընկերություններ, որոնք արդյունավետ են աշխատում և կարող են շատ հուսալի գործընկեր և օբյեկտ դառնալ ներդրումների համար», – ասել է նա։

Վալովայան նաև նշեց, որ մի շարք ռուսական ընկերություններ արդեն ակտիվ ներդրումներ են կատարում Հայաստանում։

«Կարծում եմ, որ ՄՄ մտնելու կապակցությամբ  դեպի Հայաստանի ներդրումներ կուղղվեն ոչ միայն Ռուսաստանից, այլև Բելառուսից և Ղազախստանից», – ավելացրել է նա։

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ Հայաստանը պատրաստ է գրեթե ողջ ծավալով ընդունել Մաքսային միություն մտնելու համար անհրաժեշտ պարտավորությունները, և այդ հարցի լուծման նպատակով ստեղծված աշխատանքային խումբն արդեն դեկտեմբերին կներկայացնի «ճանապարհային քարտեզը»։ -0-