Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանում մանրածախ առևտրի աճի տեմպերը 2010 թ.–ից նվազել են` դառնալով 1,4 տոկոս. «Ամերիայի» ուսումնասիրություն

10.06.2014, 16:35
Հայաստանում մանրածախ առևտրի ոլորտում աճի տեմպերի նվազման միտում է գրանցվել, որոնք վերջին տարիներին կազմել են 1,4 տոկոս` առանց գնաճի, ասել է «Ամերիա» խորհրդատվական ընկերության ավագ վերլուծաբան Արտաշես Շաբոյանը` ներկայացնելով Հայաստանի մանրածախ առևտրի ոլորտում ընկերության անցկացրած երկրորդ ուսումնասիրության արդյունքները։
Հայաստանում մանրածախ առևտրի աճի տեմպերը 2010 թ.–ից նվազել են` դառնալով  1,4 տոկոս. «Ամերիայի» ուսումնասիրություն
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում մանրածախ առևտրի ոլորտում աճի տեմպերի նվազման միտում է գրանցվել, որոնք վերջին տարիներին կազմել են 1,4 տոկոս` առանց գնաճի, ասել է «Ամերիա» խորհրդատվական ընկերության ավագ վերլուծաբան Արտաշես Շաբոյանը` ներկայացնելով Հայաստանի մանրածախ առևտրի ոլորտում ընկերության անցկացրած երկրորդ ուսումնասիրության արդյունքները։

«Եթե մինչև 2008 թ.–ի համաշխարհային ճգնաժամը մանրածախ առևտրի ծավալների աճը դոլարով կազմում էր 23,8 տոկոս, ապա 2010–2013 թթ.–ին այն կազմել է 4,9 տոկոս, իսկ եթե հաշվի առնենք իրական տվյալներն առանց գնաճի, ապա` 1,4 տոկոս», – ասել է Շաբոյանը։

Երկրում մանրածախ առևտրի ցուցանիշների վրա ազդող հիմնական մակրոտնտեսական գործոնների թվում փորձագետը նշեց ժողովրդագրական իրավիճակը, որը շատ կարևոր է շուկայի այդ հատվածի զարգացման համար։

Այս կապակցությամբ Շաբոյանը նշեց, որ մանրածախ առևտրի անկման միտումները կարող են շարունակվել ոչ այնքան միգրացիայի պատճառով, որքան բնակչության կառուցվածքում 10–20 տարեկան երիտասարդ սերնդի մասնաբաժնի կտրուկ կրճատման պատճառով։

Բացի այդ, ուսումնասիրության համաձայն` արագ սպառման ապրանքների շուկայի ծավալը Երևանում երկու տարվա ընթացքում կրճատվել է մոտ 4 տոկոսով (դոլարային արտահայտությամբ` 6 տոկոսով), ինչը պայմանավորված է այդ ապրանքների համար բնակչության ծախսերի կրճատմամբ, իսկ դա իր հերթին բացատրվում է այլ ծախսերի առաջնահերթությամբ ընդհանուր եկամուտների աճի բացակայության պայմաններում։

Մասնավորապես, 2013 թ.–ի կեսից էականորեն աճել են գազի և էլեկտրաէներգիայի սակագները։

Ուսումնասիրության մեջ ներկայացված են ինչպես 2014 թ.–ին անցկացված ուսումնասիրության արդյունքները, այնպես էլ 2012 թ.–ին իրականացված առաջին ուսումնասիրության արդյունքների հետ համադրությունները։ Համեմատությունը թույլ է տալիս ներկայացնել վերջին տարիներին այդ ոլորտում ընթացող գործընթացները, հակիրճ վերլուծություն ստանալ շուկայի հիմնական դերակատարների (սուպերմարկետներ) մասին, ինչպես նաև ծանոթանալ շուկայի զարգացման հիմնական միտումներին։

Ուսումնասիրության շրջանակներում, որը հիմնված է ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդական տվյալների վրա, հարցում է անցկացվել Երևանում բնակվող 1000 մարդկանց շրջանում։

«Ամերիա»–ն Հայաստանում գործող առաջատար խորհրդատվական ընկերություն է, որը լայնամասշտաբ ուսումնասիրություններ է անցկացնում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կորպորատիվ վերակազմավորումը, միաձուլումն ու ձեռքբերումը, իրավական խորհրդատվությունը, ուղղակի և պորտֆելային ներդրումները, բիզնեսի պլանավորումը, ռազմավարական և հարկային պլանավորումը, ֆինանսական քոնսալտինգը, պետական կառավարումն ու բարեփոխումները։ «Ամերիա» խմբի կազմում ներառվող «Ամերիա» խորհրդատվական ընկերությունն առաջարկում է անկախ, գաղտի և անաչառ խորհրդատվական ծառայություններ հինգ ուղղություններով` գործարար, ֆինանսական, հաշվապահական և հարկային, իրավական, ինչպես նաև ներդրումային խորհրդատվություն։ ($1 – 412,86 դրամ) -0-