Рейтинг@Mail.ru
USD
368.54
EUR
428.98
RUB
5.0046
GEL
138.38
2026 թ. հունիսի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+15

Հայաստանը բարեփոխումների կարիք ունի էներգետիկայի մարտահրավերներին դիմակայելու համար. ՀԲ

16.06.2015, 16:04
Հայաստանի կառավարությունը պետք է հինգ հիմնական քայլեր կատարի էներգետիկայի ոլորտում առկա մարտահրավերներին դիմակայելու համար, երեքշաբթի ասել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին` ներկայացնելով հանրապետության էներգետիկ քաղաքականության ՀԲ ուսումնասիրությունը։
Հայաստանը բարեփոխումների կարիք ունի էներգետիկայի մարտահրավերներին դիմակայելու համար. ՀԲ
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը պետք է հինգ հիմնական քայլեր կատարի էներգետիկայի ոլորտում առկա մարտահրավերներին դիմակայելու համար, երեքշաբթի ասել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին` ներկայացնելով հանրապետության էներգետիկ քաղաքականության ՀԲ ուսումնասիրությունը։

Այդ քայլերի թվում նա նշել է արտադրական հզորությունների ավելացումը, սակագների կառուցվածքի վերանայումը, էլեկտրահաղորդիչ ցանցի հիմնական ակտիվների վերականգնումն ու հիմնանորոգումը, էներգետիկ ընկերությունների ֆինանսական առողջացման ծրագրի իրականացումը, շատ աղքատ տնային տնտեսությունների պաշտպանությունը։

«Չնայած ենթակառուցվածքներում զգալի ներդրումներին, այդ թվում` ՀԲ–ի կողմից, մենք չենք ցանկանում ուշադրությունից դուրս թողնել այն փաստը, որ Հայաստանում կան վերականգնվող էներգիայի բազմաթիվ աղբյուրներ»,– ավելացրել է նա։

ՀԲ–ի էներգետիկ ոլորտի ավագ պատասխանատու Արթուր Կոչնակյանն իր հերթին նշել է, որ Հայաստանի էներգետիկ ոլորտի առջև կանգնած առաջին մարտահրավերը երկարաժամկետ հեռանկարում բավարար էլեկտրամատակարարման ապահովումն է կանխատեսվող պահանջարկի բավարարման համար։

«Մեր վերլուծությունները վկայում են այն մասին, որ առաջիկայում Հայաստանին անհրաժեշտ են լրացուցիչ արտադրական հզորություններ` էլեկտրաէներգիայի պակասից խուսափելու համար։ Մասնավորապես, շատ կարևոր է առաջիկայում` 3-4 տարիների ընթացքում, շահագործման հանձնել ջերմային նոր էներգաբլոկը, քանի որ մեր հետազոտություններով` դա պետության համար նվազագույն տնտեսական ծախսն է»,– ասել է նա։

Փորձագետը նաև նշել է տնտեսության խթանման համար էլեկտրաէներգիայի սակագների կառուցվածքի հետագա օպտիմալացման անհրաժեշտությունը։ «Մեր կարծիքով` դա գուցե մի փոքր կզսպի պիկ ժամերին էլեկտրաէներգիայի պահանջարկի աճը»,– ավելացրել է նա։

Կոչնակյանը ևս մեկ մարտահրավեր անվանեց բնակչության համար էլեկտրաէներգիայի հասանելիության ապահովումը։.

«Սակագների աճը վերջին տարիներին, մեր գնահատականներով, բավականին մեծ ազդեցություն կունենա տնային տնտեսությունների եկամտի վրա, քանի որ նրանց մեծ մասնաբաժինը կուղղվի էներգետիկ ծախսերին։ Վերլուծությունները ցույց են տալիս, որ Հայաստանում միջին տնային տնտեսությունն իր եկամուտների արդեն ավելի քան 10 տոկոսը ծախսում է էլեկտրաէներգիայի վրա` դեռ առանց հաշվի առնելու վերջին թանկացումը, որն ուժի մեջ կմտնի օգոստոսի 1–ին։ Միջազգային պրակտիկայում դա կոչվում է «էներգետիկ աղքատություն»։ Այսինքն, տնային տնտեսությունները չեն կարող իրենց թույլ տալ օգտագործել էլեկտրաէներգիայի անհրաժեշտ նվազագույնը կենսագործունեության ապահովման համար»,– նշել է նա։

Ըստ նրա` բնակչության վրա թանկացման ազդեցությունը կարելի է կրճատել ընտանեկան նպաստների համակարգի միջոցով։

Փորձագետը նաև անդրադարձել է էներգետիկ հատվածում ֆինանսական իրավիճակի բարելավման հրատապ միջոցառումների իրագործման անհրաժեշտությանը։ «Անցյալ տարիներին երկրի էներգետիկ ոլորտում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, որոնք դարձել են ֆինանսական ծանր իրավիճակի պատճառ և պետական ընկերությունների մասով, և մասնավոր հատվածում»,– ընդգծել է նա։

Մասնավոր ընկերությունների մասով, ըստ նրա, անհրաժեշտ է շտապ իրականացնել ֆինանսական առողջացման ծրագիր, մասնավորապես, կրճատել ոչ նպատակային ծախսերը, փորձել վերակառուցել «թանկ» վարկերը, շտկումներ կատարել կարգավորման ոլորտում` բաշխիչ ընկերության մասով ֆինանսական բարդությունների կրկնությունից խուսափելու համար։ -0-