Рейтинг@Mail.ru
USD
367.47
EUR
419.65
RUB
4.7311
GEL
139.2
2026 թ. հուլիսի 7, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+26

ՀԲ–ն վատացրել է 2015 թ.–ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը` հասցնելով 0,8%–ի

11.06.2015, 13:32
Համաշխարհային բանկը 2015 թ.–ին Հայաստանի ՀՆԱ–ի աճը կանխատեսում է 0,8 տոկոսի սահմանում, այն դեպքում, երբ նախորդ հունվարյան հաշվետվության մեջ Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը կազմում էր 3,3 տոկոս։ Այս մասին նշվում է ՀԲ–ի «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» (Global Economic Prospects) հունիսյան հաշվետվության մեջ։
ՀԲ–ն վատացրել է 2015 թ.–ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը` հասցնելով 0,8%–ի
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկը 2015 թ.–ին Հայաստանի ՀՆԱ–ի աճը կանխատեսում է 0,8 տոկոսի սահմանում, այն դեպքում, երբ նախորդ հունվարյան հաշվետվության մեջ Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը կազմում էր 3,3 տոկոս։ Այս մասին նշվում է ՀԲ–ի «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» (Global Economic Prospects) հունիսյան հաշվետվության մեջ։

Ըստ հաշվետվության` Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2016 թ.–ին կկազմի 2,7 տոկոս` նախորդ կանխատեսման մեջ նշված 3,7 տոկոսի փոխարեն, իսկ 2017 թ.–ին կկազմի 3 տոկոս` 4,1 տոկոսի փոխարեն։

ՀԲ–ի կանխատեսումներով` զարգացող երկրներում այս տարի տնտեսական աճի տեմպերը կանխատեսվում են 4,4 տոկոսի սահմանում` 2016 թ.–ին մինչև 5,2 տոկոսի չափով այդ ցուցանիշի հավանական ավելացմամբ և 2017 թ.–ին` 5,4 տոկոսի ավելացմամբ։

«Ռուսաստանում 2015 թ.–ին 2,7 տոկոսի չափով տնտեսական գործունեության ցուցանիշների կրճատումը 2016 թ.–ին կփոխարինվի փոքր աճով մակրոտնտեսական քաղաքականության միջոցների իրականացման արդյունքում, որոնք ուղղված են նավթի ցածր գներին հարմարվելուն։ Ղազախստանում 2015 թ.–ին կանխատեսվում է տնտեսական աճի տեմպերի նվազում` մինչև 1,7 տոկոս Կաշաղանի հանքավայրում նավթի արդյունահանման մեկնարկի ժամկետների հերթական տեղափոխման պատճառով, սակայն 2016–2017 թթ.–ին սպասվում է աճի միջին տարեկան տեմպերի ավելացում` մինչև 3,5 տոկոս», – նշվում է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ Ուկրաինայում 2015 թ.–ին ՀԲ–ն ակնկալում է տնտեսության մասշտաբների կրճատում 7,5 տոկոսի չափով։ Ինչպես նշում են ՀԲ–ի փորձագետները, Ուկրաինայում 2016–2017 թթ.–ին տնտեսական աճի հեռանկարները բավականին անորոշ են, սակայն աստիճանաբար լավանում են։ 2015 թ.–ի փետրվարին ստորագրված հրադադարի համաձայնագիրը և ԱՄՀ–ի քառամյա օգնության ծրագիրը թույլ տվեցին կայունացնել Ուկրաինայի ազգային արժույթն ու ֆինանսական շուկաների վիճակը։

Եվրոպական տարածաշրջանի արևմտյան մասում և Կենտրոնական Ասիայում 2015 թ.–ին ՀԲ–ն ակնկալում է տնտեսության աճի տեմպերի պահպանում 2,8 տոկոսի չափով, ինչն ավելի ցածր է պոտենցիալ մակարդակից և բավարար չէ կայուն բարձր գործազրկության էական կրճատման համար։ 2016–2017 թթ.–ին սպասվում է տնտեսական աճի տեմպերի աստիճանական ավելացում (տարեկան մինչև 3,3 տոկոս) եվրագոտում տնտեսական ակտիվության աշխուժացմանը զուգահեռ։

Հաշվետվության մեջ նշվում է, որ Թուրքիայում տնտեսական աճի տեմպերը 2015 թ.–ին սպասվում են 3 տոկոսի չափով, չնայած առաջին կիսամյակում գրանցված ցածր ցուցանիշներին։ Հունիսին կայացած ընտրություններից հետո կանխատեսվում է մասնավոր ծախսերի աճ քաղաքական անորոշության վերացման պայմանով։ Վառելիքի ցածր գներն ու արտահանման աճը, ինչպես կարծում են ՀԲ–ի փորձագետները, հավանաբար, կնպաստեն Թուրքիայի առևտրային հաշվեկշռի պակասուրդի հետագա կրճատմանը։

Պետբյուջեի համաձայն` Հայաստանում ՀՆԱ–ի աճը 2015 թ.–ին նախատեսված է 4,1 տոկոսի սահմանում, իսկ գնաճը` 4 տոկոսի սահմանում (±1,5%)։-0-