Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Ափսոսանքով պետք է հայտնեմ, որ չեմ կարողանալու մասնակցել Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին. Փաշինյանը նամակ է հղել Պուտինին

19.06.2020, 19:17
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին
Ափսոսանքով պետք է հայտնեմ, որ չեմ կարողանալու մասնակցել Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին. Փաշինյանը նամակ է հղել Պուտինին
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի./ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Ներկայացնում ենք նամակն առանց փոփոխության.

«Հարգելի պարոն նախագահ, ափսոսանքով պետք է հայտնեմ Ձեզ, որ չեմ կարողանալու մասնակցել Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Ինչպես գիտեք, ես մեծ սիրով ընդունել էի հանդիսավոր արարողություններին մասնակցելու Ձեր հրավերը: Սակայն, ինչպես հետագայում պարզվեց, գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս ինձ իրականացնել այդ ուղևորությունը: Ելնելով դրանից՝ ես որոշեցի ձեռնպահ մնալ Մոսկվա կատարելիք իմ այցից, ինչը, ինչպես տեղյակ եք, մանրամասն քննարկվել և համաձայնեցվել է մեր աշխատակազմերի միջև:

Ինձ համար մեծ պատիվ կլիներ ներկա գտնվել հոբելյանական շքերթին: Վստահ եմ՝ մեր երկրների միլիոնավոր քաղաքացիներ հետևելու են այդ հանդիսավոր միջոցառմանը՝ մտովի գնալով հեռավոր 1945 թվականը, երբ մեր պապերը հպարտ քայլով անցնում էին Կարմիր Հրապարակով: Հաղթանակը Հայրենական Մեծ պատերազմում մեր ընդհանուր ժառանգությունն է: Հիշողությունն այդ մասին միավորում է մեր ժողովուրդներին և անսասան հիմք ստեղծում ապագա սերունդների բարեկամության համար:

Ակնկալում եմ մեր մոտալուտ հանդիպումը, որը հնարավորություն կտա քննարկելու մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների օրակարգի հարցերը:

Ընդունեք, պարոն նախագահ, քաջառողջության և Ձեր գործունեության մեջ հաջողությունների իմ լավագույն մաղթանքները»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա՝ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակի պատվին կայանալիք զորահանդեսին, որը տեղի կունենա հունիսի 24-ին:–0–