Բադասյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ «գաղտնի համաձայնություններ» չկան և կոչ է արել չվստահել Telegram ալիքներին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վստահեցրեց քաղաքացիներին, որ Ադրբեջանի հետ «գաղտնի համաձայնություններ» չկան և կոչ է արել չվստահել Telegram ալիքներին։
Նշենք, որ այսօր բողոքի ակցիա է կազմակերպվել ՀՀ արդարադատության նախարարության շենքի մոտ, քաղաքացիները պահանջում են պարզաբանումներ Ադրբեջանի հետ նոր պայմանավորվածության մասին տարածված լուրերի կապակցությամբ։ ԶԼՄ–ներում տարածվել են լուրեր այն մասին, որ հունվարի 11–ին նախատեսվում է ստորագրել հերթական ստորացուցիչ պայմանագիր Ադրբեջանի հետ, որի տեքստն արդեն պատրաստ է և գտնվում է Արդարադատության նախարարությունում` համաձայնեցման։
Մեկուկես ժամ տևած ակցիայից հետո արդարադատության նախարարն իջավ քաղաքացիների մոտ և վստահեցրեց, որ որևէ պայմանագիր չի քննարկվում։ Մինչ այդ նախարարը գրառում էր կատարել Facebook–յան իր էջում` նշելով, որ նախարարությունը որևէ պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում։ Մամուլում տարածվող տեղեկությունը սուտ է։
«Կրկին հաստատում եմ, որ Արդարադատության նախարարությունում չկա որևէ պայմանագիր, իսկ տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Հիմա տարածվել է նոր գործելաոճ` ապատեղեկատվության տարածում անհայտ ծագման Telegram ալիքների միջոցով, որոնց հիման վրա ԶԼՄ–ները սկսում են տարածել ոչ հավաստի տեղեկատվություն, որը առաջացնում է քաղաքացիների վրդովմունքն ու անհանգստությունը։ Կոչ եմ անում չվստահեյ Telegram ալիքների նման տեղեկություններին», – ասաց Բադասյանը։Նա նաև նշեց, որ եթե նման փաստաթուղթ լիներ շրջանառության մեջ, որը նախատեսվում է ստորագրել հունվարի 11–ին Մոսկվայում, նա` որպես կառավարության անդամ, կիմանար այդ մասին։
«Նման հարցեր կառավարությունում չեն քննարկվել, և ես չունեմ տեղեկություններ նման պայմանագրի մասին», – ասաց Բադասյանը։
Վարչապետի գրառման մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հետագա իրագործման առաջնահերթության մասին։
Ներկայացնում ենք Փաշինյանի Facebook–յան գրառումն առանց փոփոխության։
«Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հետագա իրագործման մեր առաջնահերթությունը հետևյալն է.
1. Հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործում. ըստ այդմ պետք է տեղի ունենա գերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց, ինչպես նաեւ մարմինների լիարժեք փոխանակում: Մեզ համար կարեւոր է նաեւ տեղի ունեցած ռազմական գործողությունների գոտում ծավալուն որոնողափրկարարական աշխատանքների իրագործումը:
2. Տարածաշրջանի բոլոր տնտեսական եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում, ինչը նշանակում է ինչպես Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ եւ տրանսպորտային հաղորդակցություն դեպի Ռուսաստան եւ Իրանի Իսլամական Հանրապետություն, այնպես էլ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ եւ տրանսպորտային հաղորդակցություն՝ դեպի Նախիջեւան:
Կրկին ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ չկա ոչ «Մեղրի» ոչ էլ ՀՀ որեւէ տարածքի առնչությամբ «միջանցք» արտահայտություն:
Հայաստանից դեպի Ռուսաստան եւ Ադրբեջանից դեպի Նախիջեւան հաղորդակցության երթուղիների ընտրությունը առանձին քննարկման թեմա է, որի արդյունավետության կարեւոր պայման է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակման, ինչպես նաեւ անհետ կորածների որոնողական աշխատանքների ծավալների եւ արդյունավետության բարձրացումը»:–0–