Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

ԱԳՆ. Հայաստանը կասեցնում է Թուրքիայի կողմից ՀՀ տարածք տեսչական այցերը

29.07.2020, 22:49
Հայաստանը ԵԱՀԿ-ում հայտագիր է շրջանառել՝ ԵՍԶՈՒ պայմանագրի և Վիեննա փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի կողմից ՀՀ տարածք տեսչական այցերի կասեցման մասին
ԱԳՆ. Հայաստանը կասեցնում է Թուրքիայի կողմից ՀՀ տարածք տեսչական այցերը

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի./ԱՌԿԱ/. Հայաստանը ԵԱՀԿ-ում հայտագիր է շրջանառել՝ ԵՍԶՈՒ պայմանագրի և Վիեննա փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի կողմից ՀՀ տարածք տեսչական այցերի կասեցման մասին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Հուլիսի 12-ից սկսած Տավուշի ուղղությամբ ադրբեջանական հարձակման համատեքստում Թուրքիան հանդես է գալիս Հայաստանի դեմ ուղղված աննախադեպ սպառնալիքներով և Ադրբեջանին սատարող գործողություններով, որոնց դրսևորում է նաև այսօր՝ հուլիսի 29-ից սկսված Ադրբեջանի հետ համատեղ Հայաստանի սահմանների մոտակայքում լայնածավալ զորավարժությունների անցկացումը: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ հուլիսի 29-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական առաքելությունը շրջանառել է հայտագիր՝ ի գիտություն ԵԱՀԿ մասնակից պետություններին և ԵՍԶՈՒ պայմանագրի (Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի) անդամ երկրներին, տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետությունը այսուհետ կասեցնում է ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննա փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի Հանրապետության տեսչությունները կամ հրավիրյալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելիք տեսչական այցերին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Համաձայն հայտագրի՝ Հայաստանի այս որոշումը կայացվել է ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննա փաստաթղթի սկզբունքների հիման վրա և բխում է Հայաստանի անվտանգային շահերից և մտահոգություններից:

«Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած տեսչական այցի իրականացումը Թուրքիայի կողմից, որը բացահայտ կերպով աջակցում է Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ ռազմական գործողությունները և հանդես է գալիս աննախադեպ սպառնալիքներով, մասնավորապես՝ 2020թ. հուլիսի 12-ից սկսած, բացասաբար կանդրադառնա Հայաստանի անվտանգային շահերի վրա և կարող է վնասել Հայաստանի բնակչության անվտանգությունը: Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը ԵՍԶՈւ պայմանագրին և Վիեննա փաստաթղթին՝ ընդգծելով, որ կասեցվում են միայն Թուրքիայի Հանրապետության տեսչությունները կամ հրավիրյալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելիք տեսչական այցերին», – նշել են ԱԳՆ–ից: 

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացման մասին

Հուլիսի 12-ից Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիվ գործողություններ է կազմակերպել հայ-ադրբեջանական սահմանին: Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանային դիրք գրավելու մի քանի փորձ է կատարել` տանկի, հաուբիցի, անօդաչու թռչող սարքերի և «Գրադ» ՀԿՌՀ-ի օգտագործմամբ:

Հակառակորդը հրետակոծել է հայկական հենակետերը, նաև թիրախավորել բնակելի տարածքներ՝ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Պառավաքար գյուղերը, ինչպես նաև Բերդ քաղաքը: Հարվածի տակ է հայտնվել Տավուշի երկու ձեռնարկություն:

Հայկական ԶՈւ-ն համարժեք պատասխան է տվել պարբերաբար կրկնվող հրետակոծություններին և ճնշել հակառակորդի ակտիվությունը: ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ԶՈՒ-ի 13 հարվածային ԱԹՍ:

Հուլիսի 16-ի գիշերը հակառակորդը դիվերսիոն փորձ է ձեռնարկել, որը թեժ մարտից հետո կանխվել է ՀՀ ԶՈՒ-ի կողմից և թշնամին, կորուստներ կրելով, հետ է շպրտվել: Դրան հաջորդել է Այգեպար և Մովսես գյուղերի հրետակոծությունը ՝ ականանետի և Դ-30 հաուբիցի կիրառմամբ: ՀՀ ԶՈՒ-ի կողմից խոցվել է հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր: Հուլիսի 17-ից հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է: Հուլիսի 21-ին, ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:

ՊՆ տվյալներով, հակառակորդի կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որից այս պահին դրությամբ բուժում է ստանում 10-ը, 5 զինծառայող զոհվել է: Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան։ Հուլիսի 16-ին հակառակորդի անօդաչուի հարվածից վիրավորում է ստացել Չինարի գյուղի բնակիչ: Ադրբեջանում պաշտոնապես հաստատվել է 11 զոհ:–0–