Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մասով
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի./ԱՌԿԱ/. Հատուկ Քննչական ծառայությունն այսօր՝ փետրվարի 12-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրել:
Այս մասին նշվում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի տարածած հաղորդագրության մեջ։
Բացի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածից՝ սահմանադրական կարգի տապալումից, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ:
«Տեղեկացնենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքն առնչվում է քաղաքացի Սիլվա Համբարձումյանի կողմից կատարված՝ ենթադրյալ կաշառք տալու հայտարարությանը», – նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Որպես մեղադրյալներ ներգրավված են նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով ազատ էր արձակվել 5մլն դրամ գրավի դիմաց և ՀՀ պաշտպանության նախկին նախարարներ Միքայել Հարությունյանն ու Սեյրան Օհանյանը։ Փետրվարի 7–ին Վերաքննիչ դատարանը մերժեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։–0–