ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՍԴ–ն ցրելու նախագիծը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի./ԱՌԿԱ/. Երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց Սահմանադրական փոփոխությունների մասին նախագիծը:
ԱԺ–ն երկուշաբթի արտահերթ նիստում քննարկում է Սահմանադրական փոփոխությունները, որոնցով նախատեսվում է ցրել Սահմանադրական դատարանը։
Նախագիծն առաջարկվել էր «Իմ քայլը» խմբակցության կողմից, որով փոփոխության է ենթարկվում Սահմանադրության 213-րդ հոդվածը:
Նախագծին կողմ է քվեարկել 89 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0:
«Փոփոխություններով առաջարկվում է Սահմանադրության 213–րդ հոդվածի նոր խմբագրություն, որով մասնավորապես առաջարկվում է 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ժամկետը համարել ավարտված», – ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, ով նախագծի հեղինակն է։
Նախագծով դադարեցվում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները` թույլ տալով նրան պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր։ ՍԴ երեք անդամների` Ֆելիքս Թոխյանի, Հրանտ Նազարյանի և Ալվինա Գյուլումյանի լիազորությունները ևս կդադարեցվեն:
ԱԺ-ն քվեարկությամբ որոշեց Սահմանադրական փոփոխությունների հարցով չդիմել Սահմանադրական դատարան։ ՍԴ ուղարկելու նախագծին դեմ քվեարկեց 88 պատգամավոր:
«Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները բոյկոտել էին ԱԺ արտահերթ նիստը և չէին մասնակցում:-0-