Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հումանիտար հրադադար է հաստատվելու ղարաբաղյան հակամարտության գոտում․ Լավրովը հայտնեց Հայաստանի և Ադրբեջանի միջև առարկայական բանակցություններ սկսելու մասին (ՎԻԴԵՈ)

10.10.2020, 04:41
Հումանիտար հրադադար է հաստատվելու ղարաբաղյան հակամարտության գոտում․ Լավրովը հայտնեց Հայաստանի և Ադրբեջանի միջև առարկայական բանակցություններ սկսելու մասին․ ՎԻԴԵՈ
Հումանիտար հրադադար է հաստատվելու ղարաբաղյան հակամարտության գոտում․ Լավրովը հայտնեց Հայաստանի և Ադրբեջանի միջև առարկայական բանակցություններ սկսելու մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հումանիտար հրադադար է հաստատվելու ղարաբաղյան հակամարտության գոտում Մոսկվայում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպման արդյունքում։ 

Լավրովն ընթերցեց փաստաթուղթը, որը համաձայնեցվել է երկարատև բանակցություններից հետո։ 

«Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի ուղերձի և համապատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևի պայմանավորվածությունների` կողմերը համաձայնեցին ստորև ներկայացված քայլերի շուրջ.

1. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։ 

2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։ 

3.Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։ 

4.Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը»,- հայտարարեց Լավրովը։ 

Հոկտեմբերի 8–ին հրապարակվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, ով կոչ է արել կողմերին դադարեցնել կրակը Արցախում` գերիներին փոխանակելու և զոհերի մարմինները տեղափոխելու համար։ Պուտինը նաև հրավիրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին Մոսկվա` հոկտեմբերի 9–ին խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։–0–