Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի. ՀԾԿՀ
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը միանշանակ կնվազի, չորեքշաբթի լրագրողներին ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) Սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը։
Նա հիշեցրեց, որ ՀԾԿՀ–ն սեփական նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի գործող սակագների վերանայման գործընթացը։ Նրա խոսքով` վերանայման գործընթացը նախաձեռնվել է` հաշվի առնելով էլեկտրաէներգիայի արտադրության, արտահանման և ներկրման`20016 թ.–ի օգոստոսի 1–ից մինչև 2017 թ.–ի օգոստոսի 1–ը սպասվող հաշվեկշիռը, ինչպես նաև ջերմակայանների կողմից վաճառվող բնական գազի սակագների հնարավոր փոփոխությունը` «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի կողմից վերջերս ներկայացված հայտի համաձայն։
«Հաշվի է առնվում նաև գումարի կրճատման անհրաժեշտությունը, որը միանվագ ներգրավվել է` նախորդ տարիների ընթացքում Էլ. ցանցերի գործող սակագների պայմաններում կուտակված վնասները փոխհատուցելու և էլեկտրաէներգետիկ համակարգում գործող ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վրա ազդող մի շարք գործոնների փոփոխության համար», – ասաց Բաղրամյանը։
Ինչպես նշեց վարչության պետը, կան նաև բազմաթիվ այլ գործոններ, որոնք հաշվի կառնվեն և կներկայացվեն հանձնաժողովի քննարկմանը։
«Միանշանակ սպասվում է էլեկտրաէներգիայի սակագնի նվազում, սակայն թե կոնկրետ որքանով այն կփոխվի, պարզ կդառնա 1–1,5 ամիս անց, քանի որ դեռ վաղ է խոսել կոնկրետ ցուցանիշների մասին», – ասաց Բաղրամյանը։
Նա նշեց, որ մինչ այդ հարկավոր է վերանայել գազի սակագինը, ինչը ՀԾԿՀ–ն նախատեսում է ավարտել մինչև ամսվա վերջ, ինչից հետո մինչև հուլիս կհաստատվեն էլեկտրաէներգիայի նոր սակագները, որոնք ուժի մեջ կմտնեն օգոստոսից։
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունն ապրիլի 29–ին հայտ էր ներկայացրել ՀԾԿՀ ներքին սպառողների համար գազի գործող սակագինը վերանայելու համար։
«Հիմնական բացասական գործոնը, որը կազդի վերջնական սակագնի վրա, Հայկական ԱԷԿ–ի ավելի երկարատև պլանային վերանորոգումն է (4 ամիս` ավանդական 45 օրվա փոխարեն), ինչը կհանգեցնի բավականին լուրջ հետևանքների», – ասաց Բաղրամյանն ու ավելացրեց, որ ամեն ինչ կախված կլինի այն փաստից, թե ինչի հաշվին է այն փոխհատուցվել` ՋԷԿ–ի ավելի թանկ էլեկտրաէներգիայի, թե էժան հիդրոէներգետիկայի հաշվին։
Ապրիլի 27–ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարեց, որ բնակչության համար գազի և էլեկտրաէներգիայի սակագներն առաջիկայում կնվազեն։ Վարչապետը համոզմունք հայտնեց, որ էներգակիրների, մասնավորապես` գազի սակագնի նվազումն ավտոմատ կերպով կհանգեցնի էլեկտրաէներգիայի էժանացման։ –0–