Հայաստանում գործարկվել է sport.am կայքը. Սպորտի նախարարությունը ժխտում է իր կապը կայքի հետ
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. Նոր մարզական www.sport.am կայքի շնորհանդեսը տեղի է ունեցել մարտի 9–ին Հայաստանում։ «Կայքի գլխավոր նպատակն է մեր օգտատերերին թարմ, բացառիկ տեղեկատվություն հատկացնելը, ինչպես նաև Հայաստանի մարզական կյանքի լուսաբանումը»,– շնորհանդեսի ժամանակ հայտնեց նոր ինտերնետ ռեսուրսի գլխավոր խմբագիր Վլադիմիր Հովհաննիսյանը։
Նա տեղեկացրեց, որ պարբերականն արդեն պայմանավորվածություն ունի հայտնի, այդ թվում` արտասահմանցի մարզիկների հետ` բացառիկ հարցազրույցների և նյութերի մասին։
Հովհաննիսյանը նշեց, որ չնայած Հայաստանում շատ նման պրոֆիլային կայքեր են գործում, սակայն «հանրապետության մարզական կյանքը զարգանում է, աճում են հաջողությունները, և դրանք լուսաբանելու անհրաժեշտություն կա»։
Ըստ նրա` նոր կայքն իր առջև շուկայից մրցակիցներին դուրս մղելու և դրա ամբողջական մենաշնորհացման նպատակներ չի դնում։ «Ոչ թե դուրս մղել, այլ նվաճել շուկան»,– իր նպատակն ուրվագծեց Հովհաննիսյանը ։
Կայքի բացումը ողջունեցին նաև շնորհանդեսի մասնակից լեգենդար հայ մարզիկներ, օլիմպիական չեմպիոններ Ալբերտ Ազարյանը, Լևոն Ջուլֆալակյանը և Օգսեն Միրզոյանը, ովքեր ընդգծեցին Հայաստանի մարզական կյանքի առավել որակյալ լուսաբանման անհրաժեշտությունը։
Իսկ ո՞վ է տերը։
Ամենից շատ շնորհանդեսի ժամանակ լրագրողներին մի հարց էր հետաքրքրում. արդյո՞ք կայքը կապ ունի սպորտի և երիտասարդության նախարարության հետ, որին էին վերագրում sport.am դոմենը։ Մինչդեռ նախարարությանն արգելված է առևտրային գործունեություն ծավալել, իսկ եթե sport.am–ն առևտրային նախագիծ չէ, ապա ինչու՞ գերատեսչությունը չի սահմանափակվել իր պաշտոնական կայքով։
Հովհաննիսյանը հերքեց այն տեղեկատվությունը, որ կայքը պատկանում է սպորտի նախարարությանը` նշելով, որ նախարարությունը միայն կաջակցի տեղեկատվություն հատկացնելու ճանապարհով։
Միաժամանակ կայքի գլխավոր խմբագիրը հրաժարվեց լրագրողներին տեղեկացնել sport.am–ի սեփականատիրոջ անունը։ «Այժմ ես չեմ կարող ասել, ով է կայքի սեփականատերը, երբ ժամանակը կգա, նա ինքն այդ մասին կհայտնի»,– հայտնեց Հովհաննիսյանը։
Միաժամանակ ABCDOMAIN ռեգիստրատորի համաձայն` կայքը գրանցված է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանի անունով, իսկ որպես վարչական կապեր մատնանշվել են Արտակ Հարությունյանը և Virtual Sport Media LLC–ն։
Դոմեն սպորտի նախարարությունից. անվարձահատույց և անժամկետ
Էլոյանն ինքը «ԱՌԿԱ» գործակալության թղթակցի հետ զրույցում խոստովանեց, որ դոմենը գրանցված էր սպորտի նախարարությանը, սակայն sport.am կայքի հետ այն ոչ մի կապ չունի։
«Սպորտի նախարարությունն իրավունք չունի և չի ցանկանում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, սակայն շատերն են այդ դոմենը իրենց հատկացնելու հարցով դիմել։ Նախարարությունը քննարկել է այդ հարցը և որոշել, որ sport.am–ը շատ թանկ դոմեն է, և մենք չենք ցանկանում այն կորցնել։ Այդ պատճառով որոշում է կայացվել դոմենը փոխանցել ֆիզիկական անձին` Վահե Էլոյանին, ով միաժամանակ նախարարության աշխատակազմի ղեկավարն է, ով անվարձահատույց հիմունքով օգտագործման իրավունքը փոխանցեց երրորդ անձին»,– տեղեկացրեց նա։
Էլոյանն ավելացրեց, որ դոմենը փոխանցվել է Virtual Sport Media LLC–ին, որը տվյալ պահին էլ զբաղվում է sport.am կայքով։
Ըստ նրա` դոմենն անժամկետ փոխանցվել է Virtual Sport Media LLC–ին, և այդ դրությունը կպահպանվի մինչ այն ժամանակ, քանի դեռ նախարարությունը կապահովի կայքի կողմից հայկական մարզաձևի վերաբերյալ տրամադրվող տեղեկատվության որակը։
Սպորտի նախարարության աշխատակազմի ղեկավարը չբացառեց, որ գերատեսչությունը հետագայում հնարավոր է իրեն վերադարձնի այդ դոմենը սեփական նախագծերի և ծրագրերի համար։
«Քանի որ sport.am–ը շատ թանկ դոմեն է մեզ համար, և հետագայում կարող են այնպիսի ծրագրեր լինել, որոնք Սպորտի նախարարությունն ինքն է իրականացնելու, որոշում կայացվեց հարցը նման կերպ լուծել։ Եթե վաղը խնդիրներ առաջանան, ապա ֆիզիկական անձ Վահե Էլոյանը sport.am դոմենը կվերադարձնի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի լիազոր մարմնին»,– նշեց նա։
Ըստ Էլոյանի` դոմենը վերադարձնելու հնարավորությունն ամրագրված է Sport Media LLC–ի պայմանագրում։ «Առկա են բոլոր փաստաթղթերն ու պայմանավորվածությունները»,– տեղեկացրեց նա։
Սպորտի նախարարության աշխատակազմի ղեկավարը հավաստիացրեց, որ նույնիսկ իրեն` որպես ֆիզիկական անձի, sport.am դոմենի փոխանցման մասին պայմանագրում ամրագրված են բոլոր իրավական մեխանիզմները, որոնք անհրաժեշտ են նախարարությանը այդ դոմենը վերադարձնելու համար, եթե անհրաժեշտություն ծագի կամ նա դադարեցնի իր աշխատանքը գերատեսչությունում։
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունն իր հերթին տեղեկացրեց, որ sport.am դոմենը փոխանցվել է Virtual SportMedia LLC–ին մրցույթի արդյունքում, քանի որ ընկերության կողմից սպորտի ոլորտում քարոզչության և տեղեկատվություն ապահովելու վերաբերյալ ներկայացված ծրագիրը լավագույնն է ճանաչվել։
Միաժամանակ սպորտի նախարարության մամուլի ծառայությունը աննպատակահարմար համարեց պարզաբանել, թե բացի Virtual Sport Media LLC–ից ինչ ընկերություններն են մասնակցել մրցույթին։ –0
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
11:42 18.03.2013