ARKA Armenia Weekly․ շաբաթվա առանցքային իրադարձությունները․ քաղաքականություն, տնտեսություն և շուկաներ (սեպտեմբերի 14–20)
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է շաբաթվա հիմնական իրադարձությունների ամփոփագիրը:
ԱՄՓՈՓՈՒՄ
Շաբաթվա հիմնական դինամիկան դարձավ կայուն ներքին տնտեսական ակտիվության զուգորդումը դրամավարկային և արտաքին տնտեսական ռիսկերի աճի հետ:
Միևնույն ժամանակ, տնտեսական դիվերսիֆիկացումը դառնում է պետական քաղաքականության ավելի նկատելի մաս, եվրոպական ուղղությունը ստանում է հավելյալ ներդրումային բաղադրիչ, իսկ TRIPP նախագիծը և երկաթուղային ենթակառուցվածքի կառավարման ապագա մոդելը մնում են տարածաշրջանային տնտեսական օրակարգի կենտրոնում:
Բիզնեսի համար ընդհանուր ազդակը պոտենցիալ շուկաների և ենթակառուցվածքային հնարավորությունների ընդլայնումն է՝ կապիտալի արժեքի, էներգետիկ պայմանների և Հայաստանի արտաքին տնտեսական կապերի ապագա կոնֆիգուրացիայի շուրջ աճող անորոշության պարագայում:
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Եվրոպական առևտրային ուղղությունը սպասումներից անցավ կոնկրետ որոշման: Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին հավանություն տվեց Եվրահանձնաժողովի առաջարկին՝ հայկական ծագման արտադրանքի առևտրի ժամանակավոր ազատականացման վերաբերյալ: Ավելի վաղ ԵՄ Խորհուրդը հայտնել էր, որ մաքսատուրքերի չեղարկումը կարող է ընդգրկել դեպի Եվրամիություն Հայաստանի ընթացիկ արտահանման մոտ 80%-ը: Բիզնեսի համար դա ընդլայնում է պոտենցիալ հասանելիությունը եվրոպական շուկային, թեև գործնական ազդեցությունը կախված կլինի ռեժիմի ուժի մեջ մտնելուց, ԵՄ ստանդարտներին արտադրանքի համապատասխանությունից, լոգիստիկայից և մատակարարումներն ավելացնելու արտադրողների հնարավորություններից:
TRIPP նախագիծը շարունակում է անցում կատարել գործնական հարթություն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախագիծը նախատեսում է երկաթուղու վերականգնում, ավտոմոբիլային ճանապարհների, խողովակաշարերի և էլեկտրահաղորդման գծերի կառուցում և կարող է աշխատել միաժամանակ Արևելք–Արևմուտք և Հյուսիս–Հարավ ուղղություններով: Նա ընդգծեց, որ երթուղի մուտքի և ելքի վերաբերյալ որոշումները կայացնելու է Հայաստանի Հանրապետությունը: Տնտեսության համար նախագծի նշանակությունը կապված է տարանցիկ հնարավորությունների պոտենցիալ ընդլայնման և երկիրը միջազգային տրանսպորտային հոսքերին միացնելու հետ:
Հայաստանի Սահմանադրական դատարանը TRIPP նախագծով համաձայնագիրը ճանաչեց երկրի Սահմանադրությանը համապատասխանող: Որոշումը հանում է նախագծի հետագա առաջմղման շուրջ ներքին իրավական հարցերից մեկը: Ներդրումային օրակարգի համար դա նշանակություն ունի որպես ապագա տրանսպորտային ենթակառուցվածքի իրավական բազայի ձևավորման տարր, թեև TRIPP-ի իրականացման գործնական պարամետրերը, ներառյալ ֆինանսավորումը, ժամկետները և կառավարման մեխանիզմները, մնում են առանցքային հարցեր բիզնեսի համար:
Հայաստանի իշխանություններն առաջարկում են Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցել փոխված տնտեսական և աշխարհաքաղաքական միջավայրում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանը ցանկանում է խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն նոր պայմաններով, որոնք հաշվի են առնում տեղի ունեցած փոփոխությունները: Բիզնեսի համար այս ազդակը կարևոր է՝ հաշվի առնելով Հայաստանի տնտեսության մեջ ռուսական շուկայի, կապիտալի, էներգետիկայի և ենթակառուցվածքների պահպանվող դերը. արտաքին կապերի դիվերսիֆիկացումը, իշխանությունների դիրքորոշման համաձայն, չի նշանակում հրաժարում ռուսական ուղղության զարգացումից:
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱԿՐՈԱԶԴԱԿՆԵՐ
Տնտեսական ակտիվությունը մնում է բարձր: Համաշխարհային բանկի ներկայացրած տվյալների համաձայն՝ 2026 թվականի հունվար–հուլիսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7,7%-ով՝ տարեկան կտրվածքով, գերազանցելով նախնական կանխատեսումները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես նշել է ՀՆԱ-ի 6% աճ առաջին կիսամյակի արդյունքներով: Տնտեսության համար դա հաստատում է ներքին ազդակի պահպանումը, թեև աճի կառուցվածքը ոլորտների միջև մնում է անհամասեռ:
Արտաքին առևտուրը տալիս է ավելի զգուշավոր ազդակ: Հունվար–հուլիսին արտահանումը կրճատվել է 7,9%-ով, այնինչ ներմուծումն աճել է 7,7%-ով, իսկ առևտրային բալանսի պակասուրդը, Համաշխարհային բանկի գնահատմամբ, հասել է գնահատված տարեկան ՀՆԱ-ի մոտ 10%-ի մակարդակին: Փաշինյանն արտահանման նվազման զգալի մասը կապել է վերաարտահանման կրճատման հետ: Սա նշանակում է, որ բարձր ներքին ակտիվությունը դեռևս չի ուղեկցվում արտաքին առևտրային բալանսի համադրելի բարելավմամբ:
Շուկաների դիվերսիֆիկացումը դառնում է տնտեսական քաղաքականության ինքնուրույն ուղղություն: Արտաքին շուկաների դիվերսիֆիկացումը դառնում է Հայաստանի տնտեսական քաղաքականության առանցքային հարցերից մեկը: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է տնտեսական կապերի աշխարհագրությունն ընդլայնելու անհրաժեշտության մասին՝ անկախ ԵԱՏՄ-ին անդամակցությունից, այնինչ ՌԴ ԱԳՆ-ում զգուշացրել են, որ ԵՄ-ի հետ Հայաստանի հետագա մերձեցումը կարող է հանգեցնել գործող եվրասիական արտոնությունների կորստին: Բիզնեսի համար սա ակտուալացնում է ինտեգրացիոն տարբեր ռեժիմների համատեղելիության և ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ ԵՄ շուկաներ մուտքի ապագա պայմանների հարցը:
Կենտրոնական բանկn ուշադրություն է դարձնում երկարաժամկետ աճի կայունության վրա: ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է արագ փոփոխվող արտաքին միջավայրի պայմաններում տնտեսական աճի կայունացման խնդրի մասին: Կարգավորողի սցենարների համաձայն՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2026 թվականին ակնկալվում է 5,3–5,7% միջակայքում: Բիզնեսի համար դա նշանակում է, որ տնտեսական ակտիվության ընթացիկ բարձր ցուցանիշները չեն հանում աճի կայուն կառուցվածքային դրայվերների ձևավորման հարցը:
ԲԻԶՆԵՍ ԵՎ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՏՎԱԾ
ԵՄ-ի հետ տնտեսական փոխգործակցությունը ստանում է տարածաշրջանային ներդրումային բաղադրիչ: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը հայտարարեց Սյունիքի մարզի զարգացման և բիզնեսի աջակցության համար 250 մլն եվրո ներդնելու ծրագրերի մասին: Ներդրումային օրակարգն ընդգրկում է ենթակառուցվածքները, տնտեսական զարգացումը և մարդկային կապիտալը: Հայաստանի համար դա աջակցության եվրոպական քաղաքականությունը կապում է այն մարզի զարգացման հետ, որը միաժամանակ աճող նշանակություն է ձեռք բերում Հարավային Կովկասի նոր տրանսպորտային ճարտարապետության մեջ:
Երկաթուղու կառավարման հարցը դառնում է ավելի լայն ներդրումային քննարկման մաս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ռուսական ընկերության կողմից հայկական երկաթուղու կառավարումը Ռուսաստանի և Արևմուտքի միջև լարվածության պայմաններում կարող է սահմանափակումներ ստեղծել տարածաշրջանային նոր տրանսպորտային նախագծերին Հայաստանի ինտեգրման համար: Հայաստանը և Ռուսաստանը շարունակում են քննարկել կոնցեսիոն կառավարման հարցը: Բիզնեսի համար այս քննարկման զարգացումը կարևոր է նախ և առաջ տրանսպորտային ենթակառուցվածքի ապագա մոդելի, միջազգային ներդրողների հասանելիության և հայկական երթուղիների մրցունակության տեսանկյունից:
Էներգետիկան թևակոխում է նոր երկարաժամկետ ներդրումային փուլ: Հայաստանը միաժամանակ իրականացնում է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը և նախապատրաստվում է նոր ատոմային էներգաբլոկի կառուցմանը: Գործող ծրագիրը կողմնորոշված է ներկայիս բլոկի շահագործմանը մինչև 2036 թվականը, ընդ որում ուսումնասիրվում է առանձին բաղադրիչների՝ մինչև 2041 թվականն աշխատանքի տեխնիկական հնարավորությունը: Նոր ԱԷԿ-ի տեխնոլոգիան նախատեսվում է ընտրել ոչ ուշ, քան 2027 թվականի վերջը: Տնտեսության համար ապագա ատոմային գեներացիայի մոդելի ընտրությունը որոշելու է երկրի էներգետիկ և ներդրումային քաղաքականության զգալի մասը տասնամյակներ առաջ:
Շինարարական հատվածի կարգավորումը դառնում է ավելի խիստ: Երևանում բարձր ռիսկայնության շինհրապարակներում պահանջների չպահպանման համար տուգանքներն ավելանում են նախկին 70 հազար դրամից մինչև 1,5–2 մլն դրամ: Շինարարության արագ աճի ֆոնին նորմերի փոփոխությունը բարձրացնում է նորմատիվների չպահպանման արժեքը և ուժեղացնում է կառուցապատողների գործառնական կարգապահության պահանջները:
ՇՈՒԿԱՆԵՐ ԵՎ ՖԻՆԱՆՍՆԵՐ
Կենտրոնական բանկը փոխեց դրամավարկային քաղաքականության ուղղությունը: Սեպտեմբերի 15-ին ԿԲ Խորհուրդը բարձրացրեց տոկոսադրույքը 0,25 տ.կ.-ով՝ մինչև 6,75%: Սա դարձավ տոկոսադրույքի առաջին բարձրացումը 2022 թվականի դեկտեմբերից ի վեր՝ մեղմացման տևական ցիկլից և տոկոսադրույքը 6,5% մակարդակում պահպանելու ժամանակահատվածից հետո: Բանկերի, փոխառուների և ներդրողների համար որոշումը նշանակում է ավելի խիստ ֆինանսական պայմաններ և կարգավորողի ուշադրության ուժեղացում գնաճային ռիսկերի նկատմամբ։
Նավթի համաշխարհային բարձր գնագոյացումը մնում է գնային ճնշման արտաքին առանցքային աղբյուրներից մեկը: ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է, որ տեսանելի ապագայում չպետք է սպասել նավթի գների էական վերադարձ նախկին մակարդակներին: Թանկ նավթը հայկական տնտեսությանն է փոխանցվում վառելիքի արժեքի, տրանսպորտային և արտադրական ծախսերի միջոցով, ուստի հումքային շուկայի դինամիկան մնում է նշանակալի գործոն գնաճի և բիզնեսի համար:
Առանձին ռիսկ է մնում ներմուծվող գազի արժեքը: Գալստյանը Հայաստանի համար ռուսական գազի կտրուկ թանկացման սցենարը բնութագրել է որպես «ապոկալիպտիկ»՝ ընդգծելով, որ կարգավորողն իրադարձությունների նման զարգացումը դիտարկում է որպես սթրեսային, ոչ թե բազային սցենար: Այդուհանդերձ, գազի գնի էական փոփոխությունը կարող է ազդել գնաճի վրա ինչպես ուղղակիորեն, այնպես էլ արտադրության ինքնարժեքի միջոցով, ինչը մատակարարման պայմանները դարձնում է տնտեսության արտաքին կարևոր ռիսկերից մեկը:
Գազային դիվերսիֆիկացումը դառնում է միաժամանակ տնտեսական և շուկայական հարց: Իշխանության ներկայացուցիչները հայտարարել են մատակարարումների աշխարհագրությունն ընդլայնելու մտադրության մասին, իսկ վարչապետը հայտնել է բոլոր պոտենցիալ մատակարար երկրների հետ բանակցությունների մասին: Հնարավոր դիվերսիֆիկացման տնտեսական ազդեցությունը որոշվելու է նախ և առաջ գնով, մատակարարումների հուսալիությամբ և անհրաժեշտ ենթակառուցվածքով, քանի որ գազային պայմաններն անմիջականորեն ազդում են արդյունաբերության, կոմունալ սակագների և գնաճի վրա:
Գյուղատնտեսությունը մնում է ընթացիկ տնտեսական դինամիկայի թույլ հատվածներից մեկը: Գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունն առաջին կիսամյակում կրճատվել է 11,9%-ով, այդ թվում՝ բուսաբուծությունը՝ 23,4%-ով: Կառավարությունը ոլորտի հետագա զարգացումը կապում է ինտենսիվ գյուղատնտեսությանն անցնելու և արտահանման աշխարհագրության ընդլայնման հետ: Շուկայի համար դա նշանակում է պարենի ներքին առաջարկի կողմից ռիսկերի պահպանում, այնինչ ագրոբիզնեսի համար ուժեղանում է արտադրողականության, տեխնոլոգիաների և սպառման նոր շուկաների մեջ ներդրումների նշանակությունը:
Զբոսաշրջային հոսքը Հայաստան 2026 թվականի հունվար–օգոստոսին նվազել է 2,5%-ով՝ նախորդ տարվա նոյն ժամանակահատվածի համեմատ: Զբոսաշրջությունը մնում է արտաքին պահանջարկի կարևոր աղբյուր հյուրանոցային բիզնեսի, հանրային սննդի, առևտրի և ծառայությունների համար, ուստի հոսքի նվազումն ազդակ է սպառողական հատվածի դինամիկայի ավելի ուշադիր գնահատման համար: Հետագա պատկերը կախված կլինի ներգնա զբոսաշրջության աշխարհագրությունից և աշնանային սեզոնի արդյունքներից:
ԻՆՉ Է ՍԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ
- Դրամավարկային միջավայրը դառնում է ավելի խիստ:
- Դիվերսիֆիկացումը դառնում է տնտեսական կենտրոնական թեմա:
- Տրանսպորտային ենթակառուցվածքն ավելի սերտորեն է կապվում ներդրումային քաղաքականության հետ:
- Բարձր տնտեսական ակտիվությունն ուղեկցվում է ոլորտային անհամասեռ դինամիկայով:
- Սյունիքը դառնում է արտաքին ներդրումային ուշադրության առանցքային ուղղություններից մեկը:
ԸՆԹԱՑԻԿ ՇԱԲԱԹՎԱ ՌԻՍԿԵՐԸ
- Հիմնական տոկոսադրույքի բարձրացումից հետո բիզնեսը գնահատելու է ավելի խիստ ֆինանսական պայմանների ազդեցությունը վարկավորման, շինարարության, ներդրումների և ներքին պահանջարկի վրա:
- Նավթի համաշխարհային գները մնում են արտաքին գնաճային ճնշման աղբյուր, իսկ շուկաները զգայուն կլինեն մատակարարման պայմանների և գազի արժեքի ցանկացած փոփոխության նկատմամբ:
- Ներդրողները հետևելու են ԵՄ առևտրային արտոնությունների հետագա ձևակերպմանը և Եվրամիության հետ տնտեսական կապերի խորացման համատեղելիության քննարկմանը ԵԱՏՄ-ում Հայաստանի գործող արտոնությունների հետ:
- TRIPP-ի և երկաթուղային կոնցեսիայի վերաբերյալ հետագա որոշումները կարող են ազդել խոշոր տրանսպորտային ներդրումների շուրջ սպասումների և տարածաշրջանային լոգիստիկայում Հայաստանի ապագա դերի վրա:
- Զբոսաշրջային հոսքի նվազումը և գյուղատնտեսական արտադրության թուլությունը կարող են ազդել ներքին պահանջարկի, ծառայությունների և պարենային շուկայի առանձին հատվածների վրա:
- Սյունիքում եվրոպական ներդրումների գործնական ազդեցությունը կախված կլինի նախագծերի իրականացման ժամկետներից, ֆինանսավորման փաստացի ծավալներից և մասնավոր բիզնեսի մասնակցությունից: