Հայաստանում խաղողի մթերումը կիրականացվի բջջային հավելվածի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի./ԱՌԿԱ/. Հայաստանում խաղողի մթերումը կիրականացվի բջջային հավելվածի միջոցով, ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր կառավարության նիստի ժամանակ։
Նրա խոսքով, մթերումը վերահսկելու լուրջ խնդիրներ են առաջացել, և արդեն թվային մեթոդների կիրառման անհրաժեշտություն կա գործընթացի մոնիթորինգի հարցում:
Այս կապակցությամբ նա նշեց, որ արդեն երեք մարզում ավարտված է խաղողի տնկարկների քարտեզագրման գործընթացը:
«Նախատեսում ենք այս տարի մյուս երկու մարզերում ևս ավարտել, որի արդյունքում կունենանք ամբողջական պատկեր խաղողի տնկարկների մասով և բջջային հավելվածի միջոցով կկարողանանք արդեն փակել այն շղթան, որի միջոցով կկարողանանք վերահսկել խաղողի մթերումն ամբողջությամբ», – ասաց Քերոբյանը։
2020թ.–ին արտադրողների կողմից գնվել է 235 հազար տոննա խաղող, որից, նախարարության գնահատականներով, մոտ 215 հազար տոննան ուղղվելու է կոնյակի սպիրտի արտադրությանը (արտադրվելու է միջինը մոտ 19,0 մլն լիտր կոնյակի սպիրտ)։ 2019թ.–ին գնվել է 163 հազար տոննա խաղող, որից կոնյակի սպիրտի արտադրությանն ուղղվել է 145 հազար տոննա, ինչի հաշվին արտադրվել է մոտ 13,0 մլն լիտր կոնյակ։–0–