Ներդրումներ երիտասարդների ապագայի մեջ. Ամերիաբանկն ամփոփել է «Դարձի′ր փոփոխությունը» ուսանողական մրցույթի արդյունքները (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./ԱՌԿԱ/. Ամերիաբանկը նախօրեին ամփոփեց «Դարձի′ր փոփոխությունը» ուսանողական մրցույթի արդյունքները, որը կազմակերպվել էր Visa վճարային համակարգի հետ։
2021թ.–ի դեկտեմբերին մեկնարկած մրցույթի շրջանակում 4–6 հոգուց կազմված ուսանողական թիմերը պետք է ներկայացնեին նորարարական գաղափարներ, որոնք կարող են փոփոխություն բերել մարդու կամ հասարակության որևէ խմբի կյանքում, գիտության կամ տնտեսության ոլորտում։
Մրցույթի պրոֆեսիոնալ ժյուրին, որի կազմում ներառված էին տարբեր ոլորտների 10 մասնագետներ, գնահատեց եզրափակիչ դուրս եկած 11 թիմերի աշխատանքը։
Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված TakeAR թիմն արժանացավ մրցութային հանձնաժողովի առավելագույն թվով ձայների և ստացավ 3մլն դրամ։ Լավագույն նախագծեր ներկայացրած հինգ թիմերը` World Without Waste, «Տեսկա», Outvite, «Հիպոկրատին հավատարիմ» և THE LOVE FOR ECO GROWS, արժանացան խրախուսական մրցանակների` 100.000–ական դրամի չափով։
Նախապատվությունը տրվել է այն նախագծերին, որոնք ներառում են նորարարական և արդյունավետ լուծումներ։
Դասագրքեր` լրացված իրականության տեխնոլոգիայով
Գլխավոր մրցանակին արժանացած TakeAR ստարտափը ներկայացնող Վիգեն Խաչատրյանը նշեց, որ նախագիծն ուղղված է կրթության ոլորտում վիրտուալ իրականության օգտագործմանը, և այդ գաղափարն առաջացել է 2018թ.–ին։
«Այդ ընթացքում մենք փորձեցինք զարգացնել մեր հնարավորությունները AR տեխնոլոգիաների (լրացված իրականություն/augmented reality) ոլորտում և հիմա կարողացանք ներկայացնել լիարժեք նախագիծ», – ասաց նա։
Խաչատրյանը պարզաբանեց, որ նախագծի նպատակն է Հայաստանում դպրոցական կրթական համակարգը զինել լրացված իրականության (augmented reality) և վիրտուալ իրականության (virtual reality) տեխնոլոգիաներով, ստեղծել առարկաների, թեմաների յուրացման հեշտ և արդյունավետ հնարավորություն։
«Որպես գաղափարի մեկնարկ նախատեսվում է լրացված իրականության տեխնոլոգիայի միջոցով 9 ամսվա ընթացքում ստեղծել 8-րդ դասարանի կենսաբանության/մարդ-անատոմիա/ դասագրքի վիրտուալ լաբորատորիա` բջջային հավելվածի ձևով, որը կներառի 3D մոդելներ, 3D անիմացիաներ, թեմայի հակիրճ ձայնագրություն։ Իսկ ուսուցիչներին էլ ավելի հեշտ կլինի կազմակերպել ինտերակտիվ դասընթացներ և գործընթացին ներգրավել ավելի պասիվ աշակերտների», – ասաց նա։
Խաչատրյանը նշեց նաև, որ թիմում ներառված են Հայաստանի տարբեր մարզերի ներկայացուցիչներ` Տավուշից մինչև Արագածոտն և Գեղարքունիք։
Ուսանողների կրթության մեջ արվող ներդրումները կարևոր են ազգի ապագայի համար
«Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը նշեց, որ ուսանողների կրթության մեջ արվող ներդրումները կրում են երկարաժամկետ բնույթ։
«Ակնհայտ է, որ գալիս է սերունդ` առանց խորհրդային անցյալի, որն ազատ է այն շղթաներից, որոնք կաշկանդում էին նախորդ սերնդին։ Ուսանողության ակտիվացմանն ուղղված ներդրումները, նրանց ստեղծարար մտքի զարգացումը և ուղորդումը դեպի փոփոխություններ շատ կարևոր են մեր ազգի ապագայի համար», – ընդգծեց նա։
Խոսելով այն մասին, որ գլխավոր մրցանակին արժանացել է կրթության ոլորտում AR տեխնոլոգիայի կիրառման հետ կապված նախագիծը` Ջրբաշյանը նշեց երկու կարևոր գործոն։
«Մենք լրջագույն խնդիր ունենք կրթության ոլորտում, հատկապես տարածաշրջանի կտրվածքով, իսկ մյուս կողմից կան մեծ հաջողություններ AR տեխնոլոգիաների և ՏՏ ոլորտի մասով։ Եվ փորձելով կապել մեկը մյուսի հետ` մենք փորձում ենք լուծել խնդիրն ու օգտվել մեր առավելություններից», – ասաց նա։
Ժյուրիի անդամի խոսքով, նախագծերը ներկայացվել են տարբեր ոլորտներում, և դրանցից մեկը շատ խորհրդանշական է` աղբի ուտիլիզացիա։
«Կարծում եմ, որ աղբի նկատմամբ մեր ազգի վերաբերմունքը երկրի նկատմամբ մեր վերաբերմունքի ամենակարևոր խորհրդանիշն է։ Եղել է ամենաքիչը չորս նախագիծ, որոնք ուղղված էին հենց աղբի ուտիլիզացիային։ Չնայած, որ դրանք այդքան էլ խորը մշակված չէին, բայց միանշանական է այն փաստը, որ մեր երիտասարդությունը զգում է այդ խնդիրն ու փոփոխություններ է ուզում», – ասաց Ջրբաշյանը։
Փոփոխությունը երիտասարդների գլխում է, և անհնար է դա կանգնեցնել
Girls in Tech Armenia-ի գործադիր տնօրենՍեդա Պապոյանը նշեց, որ մրցույթի մասնակիցները ստեղծում էին գաղափարներ` համոզված լինելով, որ դրանք կնպաստեն փոփոխությունների իրականացմանը։
«Ինչպես նշեց ժյուրիի անդամներից մեկը, փոփոխությունն արդեն նրանց գլխում է, և անհնար է դա կանգնեցնել», – ասաց նա` ավելացնելով, որ մրցույթի եզրափակիչ դուրս եկած ուսանողները կգտնեն իրենց ճանապարհը հասարակության կյանքը բարելավելու համար։
Խոսելով հաղթող թիմի մասին` նա նշեց, որ կրթության ոլորտի նախագիծը բերում է բավականին հետաքրքիր նորարարություններ` AR տեխնոլոգիաների օգտագործմամբ, ինչը կօգնի դպրոցականներին ավելի պատկերավոր հասկանալ ուսումնական դիսցիպլինները, օրինակ` ուսումնասիրել սրտի կառուցվածքը 3D ձևաչափում։
Պապոյանը տպավորված է նաև թիմում մեծ թվով ակտիվ աղջիկների առկայությամբ։
«Նրանք չեն խուսափում զբաղվել բիզնեսով, նորարարություններով, իրականացնել փոփոխություններ», – ընդգծեց նա։
Ամենաանհավանական գաղափարների իրականացման հնարավորություն
Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության Զարգացման ևվերապատրաստման բաժնի ղեկավար Վահան Մելքումյանը նշեց, որ վերջին տարիների ընթացքում բանկն իրականացրել է ավելի քան 100 նախագիծ երիտասարդների և ուսանողների համար` նպատակ հետապնդելով ոգեշնչել նրանց, հնարավորություն ընձեռել զարգացնելու սեփական ունակությունները, կյանքի կոչել ներուժը։
«Մեզ համար չափազանց կարևոր է, որպեսզի երիտասարդությունը հնարավորություն ունենա կյանքի կոչել իր`ամենաանհավանական թվացող գաղափարներն ու մտքերը, որոնք հանգեցնում են փոփոխությունների։ Հենց դա է պատճառներից մեկը, որ մենք որոշեցինք, հավատարիմ լինելով կյանքի որակի փոփոխությանն ուղղված առաքելությանը, իրականացնել այս հետաքրքիր նախագիծը», – ասաց նա։
«Ամերիաբանկ» ՓԲԸ–ի մասին
Աﬔրիաբանկը դինաﬕկ զարգացող ունիվերսալ բանկ է, որը գործում է Հայաստանում և դասվում երկրի աﬔնակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին։ Բանկը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային նորարարական ծառայություններ՝ տրամադրելով բանկային լուծուﬓերի ամբողջական փաթեթ:
Աﬔրիաբանկը Հայաստանի խոշորագույն բանկն է, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը։ 2021թ. տարեկան ֆինանսական արդյունքներով` Ամերիաբանկը ֆինանսական հիմնական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, կապիտալ, զուտ շահույթ) Հայաստանի բանկային ոլորտի առաջատարն է:
Ամերիաբանկը ներկայանում է հստակորեն մշակված թվային օրակարգով և շարունակաբար նորարարական ՏՏ լուծումներ է ներդնում ֆինանսական ծառայությունների և պրոդուկտների ոլորտում։
Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։–0–