Գործարար Ռուբեն Վարդանյանը մտադիր է 10 մլն դոլար ներդնել Հայաստանում նոր հիմնադրամի ստեղծման մեջ

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հանրաճանաչ գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանն հայտարարել է, որ մտադիր է ներդնել 10 մլն դոլար նոր հիմնադրամի ստեղծման մեջ, հաղորդել են երկուշաբթի «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի մամուլի ծառայությունից:
Հաղորդագրության համաձայն, IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն իր գործընկերների հետ ավարտին է հասցնում Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology-FAST) գործարկման հարցերը, որն ուղղված է Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունների համար միջավայր զարգացնելուն և հայաստանյան ու միջազգային գիտական հանրությունների գիտական, տեխնոլոգիական ու ֆինանսական ռեսուրսները մոբիլիզացնելուն։
«Մենք դիտարկում ենք հիմնադրամի զարգացման համար 10 մլն դոլարի չափով առաջնային ֆինանսավորման տրամադրման հնարավորությունը և հաջորդիվ միջոցների հավաքագրման գլոբալ արշավի կազմակերպումը՝ հիմնադրամի ծավալը երեք տարվա ընթացքում մինչև 200 մլն դոլար հասցնելու նպատակով։ Քննարկվող մոդելի համաձայն, FAST-ը կարող է դառնալ խառը գրանտա-վենչուրային ֆինանսավորման գործիք, իսկ հիմնադրամի կառավարումը կիրականացվի խորհրդատվական խորհրդի կողմից», - ասել է Վարդանյանը:
Forbes ամսագիրը ներառել է Ռուբեն Վարդանյանին 2016 թ.-ի Ռուսաստանի ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակում: 0,95 մլրդ դոլար կարողությամբ նա զբաղեցրել է 200 ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակի 81-րդ հորիզոնականը (0,95 մլրդ դոլար 2015 թ.-ին):
Գործարար և բարեգործ Ռուբեն Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի կողմից հիմնադրված «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամն իրականացնում է երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված երկարաժամկետ ծրագրեր, որոնք կօգնեն գոյատևումից անցում կատարել դեպի բարեկեցություն: Հիմնադրամի առանցքային ծրագրերից են UWC Դիլիջան քոլեջի, «Տաթևի վերածնունդ», Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման, Դիլիջանի զարգացման ծրագրերը։ -0-