Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանում ազգային ավիափոխադրողի բացակայությունը ոչ մի կերպ չի ազդում ազգային անվտանգության ապահովման վրա. Խաչատրյան

10.12.2013, 19:49
Ազգային ավիափոխադրողի առկայության և ազգային անվտանգության ապահովման միջև ոչ մի էական կապ գոյություն չունի, կարծում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը։
Հայաստանում ազգային ավիափոխադրողի բացակայությունը ոչ մի կերպ չի ազդում ազգային անվտանգության ապահովման վրա. Խաչատրյան
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ազգային ավիափոխադրողի առկայության և ազգային անվտանգության ապահովման միջև ոչ մի էական կապ գոյություն չունի, կարծում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը։

Հոկտեմբերի 23–ին ՀՀ կառավարությունը հաստատեց «Հայաստանում ավիափոխադրումների մրցակցային և շարունակական ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը», որը հիմնված է «McKinsey & Company» ընկերության և ՀՀ ազգային մրցունակության հիմնադրամի կողմից անցկացված համատեղ հետազոտության վրա։

«Ծրագրի մշակման ընթացքում «բաց երկնքի» քաղաքականության համատեքստում անվտանգության բաղադրիչն առանձին է դիտարկվել։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ազգային փոխադրողի առկայության և ազգային անվտանգության ապահովման միջև ոչ մի էական կապ չկա», – երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Խաչատրյանը։

Նա ընդգծեց, որ քաղաքացիական ավիացիան նախատեսում է քաղաքացիական նպատակներով մարդկանց ու բեռների տեղափոխման կազմակերպում։

«Ինչ վերաբերում է պատերազմական պայմաններում չվերթերի իրականացմանը, ապա կարող եմ երկու վառ օրինակ բերել։ Առաջինը Լիբանանն է։ Տասնյակ տարիներ տևած քաղաքացիական պատերազմի ընթացքում Լիբանանում փոխադրողների թիվը 35–ից դարձավ 28, և պատերազմի ողջ ընթացքում բոլոր հիմնական ավիաընկերությունները դեպի Բեյրութ կանոնավոր չվերթեր էին իրականացնում», – ընդգծեց նա։

Հիմնադրամի գործադիր տնօրենը նաև ներկայացրեց Սիրիայի օրինակը` ընդգծելով, որ մինչ ահաբեկչական սպառնալիքի առաջացումը քաղաքացիական պատերազմի պայմաններում բոլոր հիմնական ընկերությունները դեպի Դամասկոս չվերթեր էին իրականացնում։

Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը 2013 թ.–ի ապրիլի 1–ից թռիչքների դադարեցման որոշում ընդունեց և սկսեց սնանկության գործընթացը։ Սա արդեն ազգային ավիափոխադրողի երկրորդ սնանկությունն է, 2003 թ.–ին նման ճակատագրի արժանացան «Հայկական ավիաուղիները»։

ՀՀ կառավարությունը հունիսի 6-ին կայացած նիստի ժամանակ հաստատել է ավիափոխադրումների ոլորտի փուլային ազատականացման ռազմավարությունը։ Այս փաստաթուղթը նախատեսում է, որ ոլորտում կգործի առնվազն երեք հայկական ավիափոխադրող։–0–