Рейтинг@Mail.ru
USD
382.54
EUR
441.83
RUB
4.7262
GEL
141.43
2025 թ. նոյեմբերի 8, շաբաթ
եղանակը
Երևանում
+3

Հայ հարկատուները 2018 թ.–ից պետք է հաշվետու լինեն տրանսֆերային գներով. KPMG

07.06.2017, 13:19
Հայ հարկատուները 2018 թ.–ից պետք է փաստաթղթերը ներկայացնեն հարկային մարմիններ տրանսֆերային գնագոյացմամբ։
Հայ հարկատուները 2018 թ.–ից պետք է հաշվետու լինեն տրանսֆերային գներով. KPMG

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայ հարկատուները 2018 թ.–ից պետք է փաստաթղթերը ներկայացնեն հարկային մարմիններ տրանսֆերային գնագոյացմամբ, նախօրեին լրագրողներին ասաց «ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ Արմենիա» ՓԲԸ–ի Հարկային և իրավաբանական բաժնի ղեկավար, տնօրեն Ներսես Ներսիսյանը։

Նա նշեց, որ Հայաստանում 2016 թ.–ի հոկտեմբերին ընդունվել է նոր Հարկային օրենսգիրք, որում առանձին գլուխ նվիրված է տրանսֆերային գնագոյացման (ՏԳԳ) հարցերին։ Այն վերաբերում է երկրում գործող խոշոր բիզնեսի գրեթե բոլոր ներկայացուցիչներին։

 «Օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թ.–ի հունվարի 1–ից, հարկային ծառայությունները տրանսֆերային գնագոյացման մասին առաջին փաստաթղթերը կարող են պահանջել միայն 2019 թ.–ին։ Սակայն իրականում դա լուրջ ծանրաբեռնվածություն կլինի բիզնեսի համար, քանի որ նրանք պետք է հետևեն նոր կանոններին և ժամանակին նախապատրաստվեն, քանի որ մինչ օրս Հայաստանում նման համակարգ չի եղել (նմանատիպ օրենք գործում է ԱՊՀ գրեթե բոլոր երկրներում, խմբագրություն)», – ասաց Ներսիսյանը։

Նրա խոսքով, ողջ աշխարհում իրականացված հարցումները ցույց են տալիս, որ ՏԳԳ–ն հիմնական խնդիրներից է հարկային ոլորտում, որն անհանգստացնում է ձեռներեցներին, միաժամանակ գործարարներն առավելապես բախվում են այդ խնդրի հետ համակարգի գործարկումից հետո առաջին 2–3 տարում։

Փորձագետի կարծիքով, ապագայում խնդիրների հետ չբախվելու համար բիզնեսը պետք է ժամանակին նախապատրաստվի։

Մասնավորապես, Հայաստանում նախատեսված է վերահսկվող գործարքների նվազագույն շեմ, ՏԳԳ–ի ազդեցության տակ հայտնվում են գործարքները փոխկապակցված կողմերի կամ օֆշորային գոտիներում գրանցված կողմերի հետ, որոնք գերազանցում են տարեկան 200 մլն դրամը։

KPMG – ի փորձագետի խոսքով, Հայաստանում լոկալ գործարքների տեսանկյունից այս ամենն առաջին հերթին կանդրադառնա ռոյալթի վճարող ընկերությունների (լեռնահանքային ոլորտի ընկերություններ, խմբագրություն), շահութահարկի արտոնություններից օգտվող ընկերությունների կամ ազատ տնտեսական գոտիներում գրանցված ընկերությունների վրա։

«Կանոններն ավելի շատ վերաբերում են խոշոր բիզնեսին և կարող են օգնել Հայաստանից կապիտալի արտահոսքի դեմ պայքարում», – ասաց Ներսիսյանը։

Ուկրաինայում KPMG–ի տրանսֆերային գնագոյացման խմբի ղեկավար, գործընկեր Կոնստանտին Կարպուշինն իր հերթին նշեց, որ հայ ձեռներեցներին սպասվում է փաստաթղթերի լուրջ նախապատրաստում, ինչը ենթադրում է «պատմություն», որը գրում է հարկատուն իր կոնտրագենտի հետ։

Նրա խոսքով, «պատմության» մեջ հարկատուն պետք է ներկայացնի գնագոյացման հիմքերը, և եթե դրանք, հարկային կառույցների կարծիքով, բավականին հիմնավոր չլինեն, ընկերության նկատմամբ կարող են կիրառվել հարկային պատժամիջոցներ։  

«Օրինակ, Ուկրաինայում ՏԳԳ–ն գործում է արդեն մի քանի տարի (2013 թ.–ից, խմբագրություն), ստեղծվել է բաժին, որը ստուգումներ է անցկացնում, հարկատուներից պահանջվել է շուրջ 250 պատմություն և դրանցից մոտ 36–ն արդեն ստուգվել է։ Դրանց մի մասն ավարտվել է հարկատուի օգտին, սակայն կան նաև այլ դեպքեր, մասնավորապես, հարկատուն արդեն պարտվել է դատարանում, նրա վրա հաշվեգրվել է 14,8 մլն դոլար, որը բացահայտվել է հարկային մարմինների կողմից», – ասաց Կարպուշինը։

Փորձագետի խոսքով, առաջինը, ինչ պետք է անի ՏԳԳ–ի կանոնների տակ հայտնված հարկատուն, հասկանալն է, որ պետությունը տալիս է հստակ ազդակ, որ Հայաստանում ձևավորված եկամուտները պետք է մնան երկրում և այստեղ ենթարկվեն հարկման։

KPMG–ն աշխարհում խոշորագույն աուդիտորական–կոնսալտինգային ընկերություններից է, որի ներկայացուցչությունները գործում են 160 երկրներում, այդ թվում Հայաստանում։ KPMG–ն եղել է «մեծ հնգյակի» խոշորագույն միջազգային աուդիտորական–կոնսալտինգային կազմակերպություններից առաջինը, որը 1997 թ.–ի մարտին իր ներկայացուցչությունն է բացել Հայաստանում և ստացել բանկերի ու ձեռնարկությունների աուդիտ իրականացնելու իրավունքի արտոնագիր։ 1995 թ.–ից ընկերությունը Հայաստանում իրականացնում է ֆինանսական աուդիտ` միջազգային հաշվապահական չափանիշներին համապատասխան։–0–