Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 19, շաբաթ
եղանակը
Երևանում
+35

ԵՄ-Հայաստան ՓՄՁ Հիմնադրամը, որը կառավարվում է Ամբեր Կապիտալ Արմենիայի կողմից, 4 մլն ԱՄՆ դոլար ներդրում է իրականացնում «Ավտո Գելլրի» ընկերությունում

17.07.2025, 16:00
ԵՄ-Հայաստան ՓՄՁ Հիմնադրամը բաժնեմասային ներդրում է կատարում «Ավտո Գելլրի» ընկերությունում՝ աջակցելու կանաչ շարժունակությանն ու շուկայի ընդլայնմանը
ԵՄ-Հայաստան ՓՄՁ Հիմնադրամը, որը կառավարվում է Ամբեր Կապիտալ Արմենիայի կողմից, 4 մլն ԱՄՆ դոլար ներդրում է իրականացնում «Ավտո Գելլրի» ընկերությունում

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի․/ԱՌԿԱ/․ ԵՄ-Հայաստան ՓՄՁ Հիմնադրամը բաժնեմասային ներդրում է կատարում «Ավտո Գելլրի» ընկերությունում՝ աջակցելու կանաչ շարժունակությանն ու շուկայի ընդլայնմանը։

Ավտո Գելլրի» ընկերությունը ներկայումս կենտրոնացած է նոր սերնդի էլեկտրական թեթև առևտրային և ուղևորատար ավտոմեքենաների պաշտոնական սպասարկման և վաճառքի վրա։

Ներդրումը կնպաստի բիզնեսի ընդլայնմանը միտված ծրագրերին՝ միջազգային հեղինակավոր գործընկերների ներգրավմամբ՝ ընդլայնելով ապրանքատեսականին և ծառայությունների շրջանակը։

ԵՄ-Հայաստան ՓՄՁ Հիմնադրամը 4 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել «Ավտո Գելլրի» ՓԲԸ-ում։ Ներդրումային միջոցները կուղղվեն ընկերության ընդլայնման ծրագրերին և կօգնեն բարելավել ընկերության բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման փորձառությունը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր երկրում։ 

«Ավտո Գելլրի» ՓԲԸ-ն IM Motors և Saic Maxus ապրանքանիշների միակ պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Ընկերությունն ընդլայնում է իր տեսականին և ծառայությունները՝ համագործակցելով համաշխարհային ճանաչում ունեցող տեխնոլոգիական և ավտոմոբիլային այնպիսի առաջատար ընկերությունների հետ, ինչպիսիք են CATL-ը և SCANIA-ն։ Էլեկտրական ավտոմեքենաների անցումային այս փուլում խիստ կարևոր է հնարավորությունների ընդլայնումը և շրջանառու կապիտալում ներդրումը՝ շուկայական պահանջարկի արագ աճին համընթաց շարժվելու նպատակով, հատկապես՝ առևտրային տրանսպորտային պարկերի, ինչպես նաև մասնավոր և հանրային տրանսպորտի ոլորտներում։ Նախագծի հաջող իրականացումը կնպաստի տրանսպորտային ենթակառուցվածքների կատարելագործմանը, որակի նոր չափանիշների ներդրմանը, ինչպես նաև աշխատատեղերի ստեղծմանը։ Նախաձեռնությունը համապատասխանում է համընդհանուր ռազմավարական նպատակներին` ուղղված լոգիստիկայի արդյունավետության բարելավմանը և կայուն շարժունակության լուծումներին հասանելիության ընդլայնմանը։ 

«Ավտո Գելլրի» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2023 թվականին և ղեկավարվում է տասնամյակների փորձ ունեցող կառավարող թիմի կողմից։ Ընկերությունը վստահելի գործընկեր է առևտրային ավտոպարկերի սպասարկման և լոգիստիկ լուծումների ոլորտում՝ ինչպես բիզնեսի, այնպես էլ անհատ հաճախորդների համար։ «Ավտո Գելլրի»-ի նպատակն է ընդլայնել իր ապրանքատեսականին՝ ներկայացնելով նոր համաշխարհային բրենդներ և ուսումնասիրելով տարածաշրջանային աճի հնարավորությունները՝ համապատասխանել շուկայի փոփոխվող պահանջներին։ 

«Ավտո Գելլրի»-ում իրականացվող մեր ներդրումն արտահայտում է Հայաստանում կայուն տնտեսական աճին և նորարարությանը նպաստելու մեր հանձնառությունը։ Մենք համոզված ենք, որ այս գործընկերությունը ոչ միայն կարագացնի կանաչ շարժունակության և գործառնական բարձր չափանիշների անցման գործընթացը Հայաստանում, այլև կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավմանը և ավտոմոբիլային ոլորտում ծառայությունների որակի բարձրացմանը»,- նշել է Ամբեր Կապիտալ Արմենիայի գործադիր տնօրեն Անուշավան Սիմոնյանը։ 

«Զարգացման այս փուլում ԵՄ-Հայաստան ՓՄՁ Հիմնադրամի հետ համագործակցությունը թույլ կտա մեզ առաջ շարժվել ավելի արագ և վստահ քայլերով։ Մեր հիմնական նպատակն է առաջարկել բարձրորակ ծառայություններ և արդյունավետ լուծումներ սպառողների առօրյա խնդիրների և կարիքների համար, ինչպես նաև նպաստել երկրի էկոլոգիապես կայուն զարգացմանը», - նշել է «Ավտո Գելլրի» ՓԲԸ-ի հիմնադիր-տնօրեն Գևորգ Գևորգյանը:

«Ամբեր Կապիտալի հետ այս գործընկերությունը մեզ հնարավորություն է տալիս օգտագործել միմյանց ուժեղ կողմերը և խթանել ավելի նորարարական գործելակերպեր Հայաստանում։ Այս նախագիծը ցույց է տալիս, թե ինչպես մասնավոր կապիտալը, առաջնորդվելով ամուր սկզբունքներով, կարող է արագացնել նորարարությունները՝ զգալի ներդրումներ բերելով խոստումնալից ոլորտներում։ Այն նաև արտացոլում է մեր համատեղ հանձնառությունը՝ կառուցելու ավելի կայուն և մրցունակ մասնավոր հատված Հայաստանում», - ասաց ՎԶԵԲ-ի Հայաստանի ղեկավար Գեորգի Ախալկացին։

«Եվրոպական միությունն արդեն երկար տարիներ նվիրված է Հայաստանի տնտեսական զարգացմանը և առևտրի դիվերսիֆիկացմանը, այդ թվում՝ աջակցելով կապիտալի շուկայի կարևոր դերակատարներին, ինչպիսին «Ամբեր Կապիտալ» ներդրումային հիմնադրամն է: Կարծում ենք, որ այս գործարքը ևս մեկ կարևոր քայլ է միտված կայուն աճի, կանաչ շարժունակության և ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ: Եվրոպական միությունը շարունակում է իր հանձնառությունը՝ խթանելու տնտեսական աճը և աջակցելու նորարարական ու էկոլոգիական բիզնես նախաձեռնություններին՝ ֆինանսավորման հնարավորությունների և տեղական կապիտալի շուկաներին հասանելիության ընդլայնման միջոցով», - նշել է Պարոն Ֆրենկ Հես, ԵՄԴ համագործակցության ղեկավար։

Ամբեր Կապիտալ Արմենիայի կողմից կառավարվող ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը, մասնավոր բաժնետիրական հիմնադրամ է, որը գործարկվել է Հայաստանում 2020թ․ հունվարին՝ Եվրոպական միության (ԵՄ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ

Մենեջմենթի, Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամի և Ամբեր կապիտալի ներդրումային թիմի ներդրումների միջոցով: Հիմնադրամը հետագայում լրացուցիչ կապիտալ է ներգրավել Հայկական ազգային շահերի հիմնադրամից, Ց-կվադրատ Ամպեգա Ասսեթ Մենեջմենթից, Նիդեռլանդների Ձեռնարկատիրական զարգացման բանկից (FMO) և Հայաստանի կառավարությունից, ինչպես նաև մի շարք սփյուռքահայ ներդրողներից՝ ընդհանուր  պարտավորված կապիտալը հասցնելով 60 մլն ԱՄՆ դոլարի։ Հիմնադրամը հանձնառու է ֆինանսավորել Հայաստանի ՓՄՁ-ների կայուն աճը՝ կապիտալ ներդրումների և բնապահպանական, սոցիալական ու կորպորատիվ կառավարման բարձր չափանիշների կիրառման միջոցով: Սույն գործարքը համարվում է թվով տասնչորսերորդը ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամի կողմից։