Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 20, կիրակի
եղանակը
Երևանում
+32

Հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է պետականացվի․ Փաշինյան

18.06.2025, 11:19
Փաշինյանն արձագաքնել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հայտարարությանը, ով նշել է, որ «եկեղեցու կողքին է և թքած ունի Էլցանցերի վրա»
Հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է պետականացվի․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագաքնել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հայտարարությանը, ով նշել է, որ «եկեղեցու կողքին է և թքած ունի Էլցանցերի վրա»։ 

«Ասում է՝ թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց ՀԷՑ–ի վրա էլ։ Այսինքն, այս մարդիկ ՀԷՑ–ը իրենցը չեն էլ համարել, և թքած ունեն այդ ռազմավարական նշանակության հիմնարկի, նրա սպառողների ու աշխատակիցների վրա, որովհետև եթե ՀԷՑ–ը իրենցը չէ, ու՞մն է, ուրեմն․ նրա սպառողներինը, նրա աշխատողներինը։ Ասել է, թե ժողովրդինը, որովհետև ողջ ժողովուրդը կամ ՀԷՑ–ի սպառող է կամ աշխատակից։

Կարծում եմ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Դա տեղի կունենա արագ և իմ հանձնարականն է ՀԷՑ–ի բոլոր աշխատակիցներին՝ բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։ Ազգայնացումից (պետականացումից) հետո բարեխղճությունը հաշվի կառնվի», – գրել է Փաշինյանը Facebook–յան իր էջում։ 

Նշենք, որ միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը գիշերն իր առանձնատնից բերման է ենթարկվել ուժայինների կողմից։ 

Դիմելով առանձնատան մոտ հավաքված մարդկանց՝ Կարապետյանը հայտարարել է, որ աջակցում է եկեղեցուն։ 

«Ես եկեղեցու կողքին եմ, մեր ժողովրդի կողքին, թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց Էլեկտրական ցանցի վրա էլ, ամեն ինչ լավ է լինելու։ Ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են», – հայտարարել է Կարապետյանը։ 

Հունիսի 17–ին Կարապետյանն իր կարծիքն էր հայտնել իշխանություն–եկեղեցի առճակատման հարցով։

«Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին», – հայտարարել է Կարապետյանը։ 

Դրանից հետո ուժայիններն օպերատիվ գործողություններ են սկսել Կարապետյանի երևանյան առանձնատանը։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ներառված է «Տաշիր» ընկերությունների խմբի կազմում, որը պատկանում է ձեռնարկատեր և բարերար Սամվել Կարապետյանին։ ՀԷՑ-ը կառավարում է Հայաստանի միջին և ցածր լարման բաշխիչ ցանցերը։