Հայ գործարարներն ընդգրկվել են Forbes-ի միլիարդատերերի ցուցակում

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /ԱՌԿԱ/. Հայ չորս գործարարներ հայտնվել են Forbes ամսագրի միլիարդատերերի ցուցակում:
Forbes-ը մարտի 1-ին հրապարակել է միլիարդատերերի` հաշվով 30-րդ ամենամյա համաշխարհային վարկանիշը: Ցուցակում ընդգրկված է 1810 մարդ, ինչը 16-ով պակաս է, քան նախորդ տարի: Նրանց համախառն կարողությունը կազմում է 6,48 տրլն դոլար:
Այդ ցուցանիշը կրճատվել է 570 մլրդ դոլարով նախորդ տարվա համեմատ: Ցուցակը «երիտասարդանում է»` ռեկորդային թվով մասնակիցները (67) քառասուն տարեկանից ցածր են:
«Մագնիտ» խանութների ցանցերի և ռուսական «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցկին (նախքան ամուսնությունը` Հարությունյան) զբաղեցնում է 219-րդ հորիզոնականը 5.7 մլրդ դոլարի կարողությամբ:
549-րդ հորիզոնականում է հայտնվել «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը 3,1 մլրդ դոլարով:
Արգենտինահայ միլիարդատեր, բարերար Էդուարդո Էռնեկյանը 2.2 մլրդ դոլարով հայտնվել է 810-րդ հորիզոնականում:
1275-րդ տեղում է «Ռոսգոսստրախ» ընկերության ղեկավար Դանիիլ Խաչատուրովը, ում կարողությունը գնահատվում է 1,4 մլրդ դոլար:
Forbes-ի վարկածով` արդեն երրորդ անգամ անընդմեջ աշխարհի ամենահարուստ մարդը Բիլ Գեյսթն է, ում կարողությունը գնահատվում է շուրջ 75 մլրդ դոլար:
Միակ մարդը, ով մեկ տարում բազմապատկել է իր կարողությունը, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն է` նրա կարողությունն աճել է 11 մլրդ դոլարով, ցուցակում նա զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:-0-