Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+13

Հայաստանը պետք է ձեռնարկությունների վնասների փոխհատուցման պետական ռազմավարություն ունենա. փորձագետ

27.03.2015, 19:47
ՀՀ կառավարությունը պետք է հայկական ձեռնարկությունների վնասների փոխհատուցման ռազմավարություն մշակի Ռուսաստանում տիրող իրավիճակի պատճառով, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Հայաստանը պետք է ձեռնարկությունների վնասների փոխհատուցման պետական ռազմավարություն ունենա. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը պետք է հայկական ձեռնարկությունների վնասների փոխհատուցման ռազմավարություն մշակի Ռուսաստանում տիրող իրավիճակի պատճառով, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։

Նրա խոսքով` հայկական արտահանող ընկերությունները լուրջ վնասներ են կրում Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների, դոլարի փոխարժեքի տատանման և գների զսպման պետական քաղաքականության հետևանքով ռուսական շուկայում տիրող իրավիճակի պատճառով։

Նա նշեց, որ եթե խոշոր բիզնեսի ներկայացուցիչները կարող են իրենց վնասները ծածկել այլ ապրանքների կամ սպառման շուկաների հաշվին, ապա ՓՄՁ ներկայացուցիչները բախվել են շատ լուրջ խնդիրների, որոնք կապված են շրջանառվող միջոցների բացակայության հետ։

«Մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ռուսական ռուբլու փոխարժեքի տատանման հետևանքով միայն 20 փոքր և միջին հայկական ընկերությունների` Ռուսաստան իրականացվող ապրանքների արտահանման վնասները կազմել են 7,8 մլրդ դրամ», – ասաց Մակարյանը։

Ինչպես կարծում է բիզնեսի ներկայացուցիչը, իրավիճակը կարելի է կարգավորել միայն պետական մակարդակով ՓՄՁ–ին որոշակի աջակցություն ցուցաբերելու միջոցով, որոնք շարունակում են մատակարարումներ իրականացրել իրենց համար ոչ շահավետ պայմաններով`ապագայում սպառման շուկան չկորցնելու համար։

Միաժամանակ նա մտավախությամբ նշեց, որ հաշվի առնելով այն, որ Ռուսաստանն անցնում է ռուբլով պայմանագրերի ձևակերպմանը, Հայաստանում կարող է ձևավորվել ռուսական արժույթի ավելցուկ, ինչը կհանգեցնի կամ փոխարժեքի լուրջ նվազման, կամ որոշակի ապրանքների ներքին արտադրության նվազման, քանի որ բիզնեսը կփորձի «վերադարձնել» իր միջոցները Ռուսաստանում նմանատիպ ապրանքների կամ հումքի գնման միջոցով։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանն իր հերթին նշեց, որ նման ֆորս–մաժորային իրավիճակը բիզնես վարելու ռիսկերից մեկն է։

«Նման իրավիճակից խուսափելու համար հարկավոր է բարձրացնել ապրանքների մրցունակությունը, դիվերսիֆիկացնել արտահանման շուկաները։ Բացի այդ, իշխանություններն արդեն կիրառում են աջակցության որոշ գործիքներ, մասնավորապես` պտուղ–բանջարեղենի գնման կազմակերպման համար, ինչպես նաև պետական երաշխիքներ և արտոնյալ վարկեր է տրամադրում ՓՄՁ–ներին», – ասաց Եգանյանը։

Նա նաև ընդգծեց, որ նախարարությունը կքննարկի արտահանող ընկերությունների վնասների ձևավորման բոլոր դեպքերը, կուսումնասիրի վնասի կառուցվածքը, կքննարկի իրավիճակն ու կներկայացնի խնդրի լուծման իր առաջարկները։–0–