Рейтинг@Mail.ru
USD
360.54
EUR
398.4
RUB
4.3927
GEL
138.94
2026 թ. նոյեմբերի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+7

Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնի․ ԱԳՆ

09.10.2026, 18:37
Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումն այսօր հրապարակվել է ԵՄ պաշտոնական տեղեկագրում
Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնի․ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումն այսօր հրապարակվել է ԵՄ պաշտոնական տեղեկագրում և վաղն ուժի մեջ կմտնի, հայտնում է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը։

Հիշեցնենք, որ եպտեմբերի 24-ին հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորման առաջարկը վերջնական հավանության է արժանացել ԵՄ խորհրդի՝ մրցակցության հարցերով խորհրդի կողմից։ 

Եվրոպական խորհրդարանի և ԵՄ խորհրդի նախագահների կողմից ստորագրվելուց հետո կարգավորումը կհրապարակվի ԵՄ պաշտոնական տեղեկագրում և դրան հաջորդող օրը կմտնի ուժի մեջ։ 

ԵՄ այս կարգավորմամբ կազատականացնեն դեպի ԵՄ տարածք Հայաստանի արտահանումների շուրջ 80%-ը՝ կասեցնելով ներմուծման մաքսատուրքերն ապրանքների լայն շրջանակի, այդ թվում՝ որոշ գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ։ 

Հիշյալ միջոցները կնպաստեն Հայաստանի արտաքին առևտրի դիվերսիֆիկացմանը, հայկական ապրանքների համար ԵՄ շուկայի հասանելիության ընդլայնմանը և ՀՀ–ԵՄ տնտեսական ու առևտրային համագործակցության հետագա խորացմանը։ Ուժի մեջ մտնելուց հետո արտոնյալ ռեժիմը գործելու է 2 տարի ժամկետով: 

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 2-ին, ԵՄ խորհուրդը տվել էր իր համաձայնությունը նախագծին՝ առանց փոփոխությունների։ Այնուհետև՝ սեպտեմբերի 15-ին, լիագումար նիստում, իր հերթին փաստաթղթին հավանություն էր տվել Եվրոպական խորհրդարանը։ Երեկ՝ սեպտեմբերի 23-ին նախագիծն ընդունվել էր նաև ԵՄ խորհրդի` անդամ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեում:

Հիշյալ կարգավորման ընդունմամբ Հայաստանը դառնում է միակ երկիրը, որը չունենալով ԵՄ թեկնածուի կարգավիճակ կամ ԵՄ հետ կնքված «Խոր և համապարփակ ազատ առևտրի» համաձայնագիր, ստանում է նման տնտեսական արտոնություն, ինչը ևս մեկ անգամ վկայում է ՀՀ-ԵՄ գործընկերության աննախադեպ բարձր մակարդակի մասին և համահունչ է ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի հռչակագրի ոգուն և գործընկերության ռազմավարական օրակարգին: