Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 10, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+27

Խաղասրահների և խաղատների գործունեությւան կարգավորման կոշտ կանոններ են ներդրվելու Հայաստանո

26.09.2012, 17:52
Խաղասրահների և խաղատների գործունեության կարգավորման կոշտ կանոններ են ներդրվելու Հայաստանում, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Խաղասրահների և խաղատների գործունեությւան կարգավորման կոշտ կանոններ են ներդրվելու Հայաստանո
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/.  Խաղասրահների և խաղատների գործունեության կարգավորման կոշտ կանոններ են ներդրվելու Հայաստանում, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն, վարչապետ Տիգրան Սարգսյանը համապատասխան հանձնարարական է տվել կառավարությունում խաղասրահների և խաղատների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած խորհրդակցութան ընթացքում։ 

Ավելի վաղ խաղասրահների ղեկավարները նամակով դիմել էին հանրապետության վարչապետին և իրենց մտահոգությունները հայտնել մի քանի տարի առաջ ընդունված «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի վերաբերյալ: Դրանով նախատեսվում է 2013 թվականի հունվարի 1-ից խաղատուն կամ շահումով խաղ կազմակերպել Ծաղկաձոր, Ջերմուկ և Սևան համայնքների վարչական սահմաններում, իսկ ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած 40 մլրդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում՝ Երևանից դուրս գտնվող ՀՀ կառավարության սահմանած վայրերում:

Խաղատների ներկայացուցիչները նշել են, որ եթե Ծաղկաձորից, Ջերմուկից և Սևանից բացի, Երևանին ավելի մոտ 40 մլրդ դրամից ավելի գումարով խաղատուն կառուցվի, ապա կձևավորվի մասնավոր մենաշնորհ: Խորհրդակցության մասնակիցների կարծիքով՝ այդ պարագայում մենաշնորհի ձևավորման հավանականությունը մեծ է, մանավանդ որ նման խաղատան գործարկումը նախատեսվում է 2013 թվականին: Տնտեսվարողների կարծիքով՝ դա կվնասի ոլորտում գործող փոքր և միջին բիզնեսին և կնպաստի մենաշնորհային դրսևորումներին, մասնավորապես Երևանին մոտ խաղատան մենաշնորհի ձևավորմանը:

Նրանք նշել են, որ իրենց գործունեությանը զգալի վնաս է հասցրել նաև համաշխարհային տնտեսական ճգնաժամը, ինչի հետևանքով նվազել են ներդրումների ծավալները:  Ոլորտի ներկայացուցիչները հանդես են եկել ոլորտը կանոնակարգող իրենց առաջարկություններով, այդ թվում բնագավառում գործունեություն ծավալող ընկերությունների նկատմամբ վերահսկողության բարձրացման և խիստ կանոնների ներդրման վերաբերյալ:   

Հայաստանի վարչապետն իր հերթին հայտարարել է, որ ինքն իրեն չի համարում այդ ոլորտի ծառայություններից  օգտվողների համախոհը։

«Այլ կերպ ասած` կարծում եմ, որ հայ մարդու կերպարին խաղամոլությունը հարիր չէ: Բայց ես ձեր փաստարկներն ընդունում եմ: Մենք պետք է ձևավորենք ոլորտի գործունեությունը կարգավորող այնպիսի դաշտ, որտեղ հաշվի կառնվեն փոքր և միջին բիզնեսի շահերը, կներդրվեն խաղասրահների գործունեության վերահսկողական խիստ կանոններ, որպեսզի մենք հասարակությանը կարողանանք զերծ պահել ավելորդ ռիսկերից»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը նշել է, որ ինքը դեմ է մենաշնորհի ձևավորմանը ցանկացած ոլորտում և առաջարկել խաղասրահների ներկայացուցիչներին ՀՀ ֆինանսների նախարարության հետ համագործակցությամբ մշակել այս բնագավառը կանոնակարգող հայեցակարգ, որտեղ կարտացոլվեն խաղատների գործունեության վերահսկման խիստ կանոններ՝ ելնելով միջազգային փորձից և առկա ռիսկերից:

Տիգրան Սարգսյանը միաժամանակ, հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին մշակել օրենքի նախագիծ, որով մեկ տարով կհետաձգվի արդեն իսկ ընդունված օրենքի կիրառումը:

Իսկ այդ ընթացքում նախատեսվում է մշակել ոլորտը կարգավորող նոր հայեցակարգ, որից հետո կրկին կանդրադառնան այդ հարցին:

Խաղասրահների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին իրենց խնդիրներին հետամուտ լինելու և համապատասխան լուծումներ գտնելու համար: -0-