Рейтинг@Mail.ru
USD
360.54
EUR
398.4
RUB
4.3927
GEL
138.94
2026 թ. նոյեմբերի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+8

Նոյեմբերից կմեկնարկեն գյուղմթերքի՝ դեպի ԱՄԷ կանոնավոր չարթերային բեռնափոխադրումները. Պապոյան

09.10.2026, 18:44
Նոյեմբերից կմեկնարկեն գյուղմթերքի՝ դեպի ԱՄԷ կանոնավոր չարթերային բեռնափոխադրումները, հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևրոգ Պապոյանը
Նոյեմբերից կմեկնարկեն գյուղմթերքի՝ դեպի ԱՄԷ կանոնավոր չարթերային բեռնափոխադրումները. Պապոյան

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/. Նոյեմբերից կմեկնարկեն գյուղմթերքի՝ դեպի ԱՄԷ կանոնավոր չարթերային բեռնափոխադրումները, հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևրոգ Պապոյանը։

Պապոյանն ընդունել է «Almarex Aviation Ventures» ընկերության համահիմնադիր Մակար Պետրոսյանին և տնօրեն Պարույր Վարդանյանին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

«Almarex Aviation Ventures» ավիաընկերությունը նոյեմբերի սկզբից նախատեսում է իրականացնել օդային բեռնափոխադրման կանոնավոր չվերթներ դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ հայկական գյուղատնտեսական արտադրանքի անվտանգ և մատչելի բեռնափոխադրումն ապահովելու նպատակով։

Ընկերության տնօրենի խոսքով՝ ՀՀ-ից արտահանման դեպքում օդային բեռնափոխադրման արժեքը կկազմի 2․2 ԱՄՆ դոլար 1 կգ-ի համար, սակայն որոշ գործոնների փոփոխության արդյունքում հնարավոր է նաև գնիջեցում։ Չվերթները կիրականացվեն Boeing 737-800 տիպի օդանավով, որը յուրաքանչյուր չվերթի ընթացքում հնարավորություն կտա տեղափոխել շուրջ 20 տոննա բեռ։

«Արտահանման դիվերսիֆիկացումը մեր երկրի տնտեսական օրակարգի առաջնահերթություններից է, և այս համատեքստում Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանի համար կարևոր շուկա են։ Այս նախաձեռնությունը համահունչ է կառավարության առաջնահերթություններին և նոր հնարավորություններ կստեղծի հայկական արտադրանքի արտահանման ծավալների ընդլայնման համար», - նշել է Պապոյանը։

Կարևորելով թարմ գյուղմթերքի արտահանման գործընթացում մատակարարման արագությունը՝ նախարարը ողջունել է գործարար միջավայրի՝ այս ուղղությամբ Կառավարության հետ համագործակցելու պատրաստակամությունը և հույս հայտնել, որ այն կնպաստի հայկական արտադրանքի՝ միջազգային շուկաներում ավելի մեծ ծավալներով ներկայացվածության ընդլայնմանը։

Նախաձեռնության հաջող իրականացման դեպքում կդիտարկվեն նաև այլ ուղղություններով նմանատիպ չվերթների կազմակերպման հնարավորությունները։