Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 20, կիրակի
եղանակը
Երևանում
+33

Փաշինյան. ԱԺ-ում արդեն կա ՀԷՑ-ն ազգայնացնելու օրինագիծ

18.06.2025, 15:00
ՀԷՑ-ն ազգայնացնելու օրինագիծն արդեն ԱԺ–ում է. Նիկոլ Փաշինյան
Փաշինյան. ԱԺ-ում արդեն կա ՀԷՑ-ն ազգայնացնելու օրինագիծ
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի․/ԱՌԿԱ/․ ՀԷՑ-ն ազգայնացնելու օրինագիծն արդեն ԱԺ–ում, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն  այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով  ՀՀ-ում ՀԷՑ-ի գործունեությանը՝  ասաց. «ՀԷՑ-ն իր գործունեության արդյունքում Հայաստանում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել։  Ես տվել էի հանձնարարական, որ մի ամսվա ընթացքում կամ պետք է հստակ ժողովրդին հասցրած վնասը վերականգնելու մեխանիզմներ դրվեն, կամ  ՀԷՑ-ը պետք է ազգայնացվի, այսինքն՝ պետականացվի»։

Լրագրողի այն դիտարկմանը, թե կոնկրետ ինչ գործողություններ պետք է իրականացվեն գործարար Սամվել Կարապետյանի հնչեցրած հայտարարությունների  հետ կապված, որոնք վերաբերում են եկեղեցուն, Փաշինյանը պատասխանեց.

«Նախ, Սամվել Կարապետյանի հայտարարությունները եկեղեցու մասին չէին, այլ ուղղված էին ՀՀ-ին։ Ինչ վերաբերում է նրա դեմ կոնկրետ գործողություններին, ապա պետք է նշեմ, որ ՀՀ-ում կա իրավակարգ և դրա շրջանակում ամենաարագ և ամենաարդյունավետ գործելու տեղը ԱԺ-ն է։ Ազգային ժողովում արդեն կա ՀԷՑ–ն ազգայնացնելու և կից օրենքներում փոփոխությունների նախագիծ։ Մեր մասնագետները քննարկման փուլում են»,-ասել է վարչապետը։


Նշենք, որ միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը գիշերն իր առանձնատնից բերման է ենթարկվել ուժայինների կողմից։  

Դիմելով առանձնատան մոտ հավաքված մարդկանց՝ Կարապետյանը հայտարարել է, որ աջակցում է եկեղեցուն։

 «Ես եկեղեցու կողքին եմ, մեր ժողովրդի կողքին, թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց Էլեկտրական ցանցի վրա էլ, ամեն ինչ լավ է լինելու։ Ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են», – հայտարարել է Կարապետյանը։ 

 Դրան ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարել է․ «Հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Դա տեղի կունենա արագ և իմ հանձնարականն է ՀԷՑ–ի բոլոր աշխատակիցներին՝ բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։ Ազգայնացումից (պետականացումից) հետո բարեխղճությունը հաշվի կառնվի»։ 

 Հունիսի 17–ին Կարապետյանն իր կարծիքն էր հայտնել իշխանություն–եկեղեցի առճակատման հարցով։ 

«Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին», – հայտարարել է Կարապետյանը։  

 Դրանից հետո ուժայիններն օպերատիվ գործողություններ են սկսել Կարապետյանի երևանյան առանձնատանը:


«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ներառված է «Տաշիր» ընկերությունների խմբի կազմում, որը պատկանում է ձեռնարկատեր և բարերար Սամվել Կարապետյանին։ ՀԷՑ-ը կառավարում է Հայաստանի միջին և ցածր լարման բաշխիչ ցանցերը և սպասարկում է 1մլն բաժանորդների։