Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 20, կիրակի
եղանակը
Երևանում
+33

ՊԵԿ-ը բացահայտել է խաղատան կողմից 4.2 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք (ՎԻԴԵՈ)

10.06.2025, 11:45
Նախնական հաշվարկով խաղատան կողմից պետությանը պատճառվել է շուրջ 887 միլիոն դրամի վնաս․ ՎԻԴԵՈ
ՊԵԿ-ը բացահայտել է խաղատան կողմից 4.2 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ ՊԵԿ-ը բացահայտել է խաղատան կողմից 4.2 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները բացահայտել են խաղատան կողմից  հարկման բազաները խեղաթյուրելու և այդ ճանապարհով գործունեության իրական ծավալները թերհայտարարագրելու դեպք։

Օրերս վարչության շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի գործունեության վերահսկողության ապահովման բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատունը, շրջանցելով հարկային օրենսդրության պահանջները, ընդունում է խաղադրույքներ և  այդ գործարքները չի ներառում հաշվապահական հաշվառման մեջ ու հարկային մարմնում չի հայտարարագրում։ 

Տեղեկությունները ճշտելու նպատակով կազմակերպվել և իրականացվել են բազմակողմանի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ խաղատունը թերհայտարարագրել է շուրջ 4.2 միլիարդ դրամի իրացման շրջանառություն։ Բացի այդ, արձանագրվել են նաև այլ իրավական ակտերով սահմանված պահանջների խախտումներ, որոնց վերահսկողությունն իրականացվում է հարկային մարմնի կողմից: Կատարված նախնական հաշվարկով խաղատան կողմից պետությանը պատճառվել է շուրջ 887 միլիոն դրամի վնաս։

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հատկանիշներով: 

Վարութային և օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում խաղատանն իրականացվել են խուզարկություններ, առգրավվել են նախաքննության համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր և էլեկտրոնային կրիչներ։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ խաղատնային բիզնեսում հարկային ռիսկերի և կանխիկ գործարքների նկատմամբ վերահսկողությունը կրելու է շարունակական բնույթ։ 

ՊԵԿ–ից հիշեցնում են, որ տնտեսական գործունեության թափանցիկությունը և հարկային պարտավորությունների ամբողջական կատարումը ոչ միայն օրենքի պահանջ է, այլև պետության ֆինանսական կայունության ապահովման հիմնարար նախապայման։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։