Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+28

Sbarro–ն սնանկության դիմում է ներկայացրել

11.03.2014, 10:57
Sbarro արագ սննդի ռեստորանային ցանցը երեք տարվա ընթացքում սնանկացման երկրորդ դիմումն է ներկայացրել, հաղորդում է Reuters–ը։ Դիմումը ենթադրում է ընկերության վերակազմավորում և վերակառուցում։
Sbarro–ն սնանկության դիմում է ներկայացրել
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. Sbarro արագ սննդի ռեստորանային ցանցը երեք տարվա ընթացքում սնանկացման երկրորդ դիմումն է ներկայացրել, հաղորդում է Reuters–ը։ Դիմումը ենթադրում է ընկերության վերակազմավորում և վերակառուցում։

Sbarro–ն ծրագրում է 80 տոկոսով կրճատել պարտքի ծավալը և հայտարարում է, որ գրեթե բոլոր բաժնետերերը կողմ են վերակազմավորման որոշմանը։ Ընկերության պարտքերը գնահատվում են 140 մլն դոլար, հաղորդում է rbc.ru–ն։
 
Sbarro ցանցը վերջին երեք տարիներին փորձում է այցելուների ներգրավել` սեփական բաղադրատոմսերում փոփոխություններ կատարելով։ Sbarro–ի սնանկության հիմնական պատճառը վերլուծաբանները համարում են այցելուների թվի կրճատումն այն կենտրոններում, որտեղ գտնվում է ցանցի ռեստորանների մեծ մասը։

Բացի այդ, ֆինանսական անբավարար արդյունքների պատճառը ռեստորանի հնացած մոդելն է` Sbarro–ն առաջարկում է նախապես պատրաստած կերակուր, մինչդեռ հաճախորդների մեծ մասը գերադասում է պատվերով պատրաստված կերակրատեսակներ։

Ընկերությունն արդեն փակել է վնասով աշխատող 180 ռեստորան և ծրագրում է փակել ԱՄՆ–ում գտնվող 400 ռեստորանից ևս 155–ը։

Sbarro–ն հիմնվել է որպես ընտանեկան ընկերություն 1956 թվականին։ Կես դար անց ռեստորանների ցանցը 417 մլն դոլարով գնել է MidOcean Partners ներդրումային ընկերությունը։ Sbarro ապրանքանիշով աշխատում է իտալական խոհանոցի ավելի քան հազար ռեստորան 40 երկրում։ Դրանց մի մասը պատկանում է հենց ընկերությանը, մնացածն աշխատում են ֆրանշիզով։

Ռուսական շուկայում Sbarro–ն հայտնվել է 1997 թվականին` «Բրազըրս և Ընկերության» շնորհիվ, որը Ռուսաստանում, ԱՊՀ և Բալթյան երկրներում, Արևելյան Եվրոպայում ցանցի ֆրանչայզինգային զարգացման բացառիկ իրավունք ուներ։ Sbarro ապրանքանիշով Ռուսաստանում աշխատում է հանրային սննդի ավելի քան 100 կետ։ Ենթադրվում է, որ գլխամասային ընկերության սնանկությունը չի ազդի ռուսական ֆրանչայզինգային կետերի բիզնեսի վրա։ -0-