Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
-2

Թեթև արդյունաբերության ակտիվացումը կխթանի Հայաստանում ՓՄՁ զարգացումը. փորձագետ

02.07.2013, 19:33
Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն առաջարկում է ակտիվացնել թեթև արդյունաբերությունը` հանրապետությունում փոքր և միջին բիզնեսի զարգացման համար։
Թեթև արդյունաբերության ակտիվացումը կխթանի Հայաստանում ՓՄՁ զարգացումը. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն առաջարկում է ակտիվացնել թեթև արդյունաբերությունը` հանրապետությունում փոքր և միջին բիզնեսի զարգացման համար։
 
Մասնավորապես` Սաֆարյանն առաջարկում է կազմակերպել կաշվե և բրդյա իրերի արտադրություն։

«Հայաստան տարեկան մոտ 10 մլն. զույգ կոշիկ է ներկրվում, իսկ տեղական արտադրություն կազմակերպելու դեպքում 5 մլն. զույգ կարելու ներուժ կա, որը կարող է ծածկել ներքին պահանջարկը։ Թեթև արդյունաբերության այդ ճյուղը զարգացնելու դեպքում հնարավոր կլինի մոտ 3 հազար նոր աշխատատեղ ստեղծել», - ասաց նա երեքշաբթի լրագրողներին։

Նրա խոսքերով` Հայաստանը կաշի արտադրելու համար տարեկան մոտ 3,5-4 հազ. տոննա հումք է արտահանում Թուրքիա, Վրաստան և Չինաստան։  

«Պետք է քայլեր ձեռնարկել, որպեսզի այդ հումքը մնա երկրում և օգտագործվի տեղական արտադրությունում», - պարզաբանեց նա։

Համանման իրավիճակ է ստեղծվել, նրա խոսքերով, նաև տեքստիլ արդյունաբերությունում։

«Հայաստանում այսօրվա դրությամբ մոտ 4 հազ. տոննա բուրդ է կուտակվել, դրան պետք է գումարել նաև ամեն տարի արտադրվող 1 հազ. տոննա բուրդը։ Այդ բուրդը կարելի է օգտագործել գորգի արտադրություն կազմակերպելու, պաշտպանության և առողջապահության նախարարությունների համար ներքնակներ պատրաստելու համար, ինչը ևս 400 նոր աշխատատեղ կստեղծի», - ասաց փորձագետը։  

Ըստ Վիճակագրության ծառայության տվյալների` Հայաստանից կաշվի հումքի, կաշվի, մորթու և դրանցից պատրաստված իրերի արտահանումը 2013թ. հունվար-  մայիսին կազմել է $1 423,9 հազ.` 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 4,4%-ով։--0—