ՎԶԵԲ-ն ակտիվորեն շարունակելու է Հայաստանի ՓՄՁ օժանդակության ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանս է անցկացրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտիի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:
Հաղորդվում է, որ զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր:
«Պարոն Չակրաբարտին ողջունել և դրական է համարել կոնորանավիրուսային համաճարակով պայմանավորված ՀՀ կառավարության հակաճգնաժամային լայն միջոցառումների իրականացումը և նշել, որ ՎԶԵԲ-ը լիարժեք աջակցում է հայկական կողմի քայլերին ու ծրագրերին»,- նշվում է հաղորդագրության մեջ:
ՎԶԵԲ նախագահն ընդգծել է, որ բանկն ակտիվորեն շարունակելու է Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության օժանդակության ծրագրերը, ինչպես նաև երկրում ենթակառուցվածքների, էներգետիկայի, տրանսպորտի, արտաքին առևտրի և այլ ուղղություններով մինչ ճգնաժամը նախանշված ներդրումային ծրագրերը:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել սերտ համագործակցության պատրաստակամության համար և նշել, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է ենթակառուցվածքային կապիտալ ներդրումային ծրագրերը և շարունակելու է այդ ուղղությամբ գործողությունները՝ այդպիսով խթանելով տնտեսության ակտիվացմանը:
Տեսակոնֆերանսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Սումա Չակրաբարտին մտքեր են փոխանակել կորոնավիրուսով պայմանավորված ստեղծված իրավիճակի և դրա տնտեսական հետևանքների վերաբերյալ:
ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է, որը 1992 թվականից ի վեր, 2020 թվականի հունվարի դրությամբ, 1,4 միլիարդ եվրո է ներդրել 180 ծրագրերի իրականացման համար: Բանկը ներդրումներ է կատարում ֆինանսական, կորպորատիվ ոլորտներում, ենթակառուցվածքների և էներգետիկայի բնագավառում, ներդրումների 90% -ը բաժին է ընկնում մասնավոր հատվածին: -0-