Արայիկ Հարությունյանը շփոթվել է. քննարկվում է Ավինյանին ԶՊՄԿ–ի տնօրենների խորհրդի անդամ նշանակելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Քննարկվում է ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) տնօրեն նշանակելու հարցը։
Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողներին հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Երբ լուծումները լինեն, դուք դրա մասին անմիջապես կիմանաք», – ասաց Հարությունյանը։
Հարցին` ինչու հենց Տիգրան Ավինյանը, նա պատասխանեց. «Ավինյանը քաղաքական թիմի անդամ է, և պետք է լավագույնս լինեն այնպիսի մարդիկ, որոնք լավագույնս Հայաստանի շահերը կներկայացնեն տվյալ կազմակերպությունում»։
Անդրադառնալով Ավինյանի ` քաղաքականությունը ձեռնարկատիրությունից տարանջատելու հայտարարությանը` Հարությունյանը ասաց. «Նա շարունակում է մնալ քաղաքական թիմի անդամ, շարունակում է մնալ վարչության անդամ։ Դուք տեսել եք, որ վերջին քաղաքական գործընթացներում Ավինյանը ներգրավված է եղել, այնպես որ խորհուրդ կտայի մութ էջեր չփնտրել այդ հայտարարության մեջ կամ տողատակեր»:
Արայիկ Հարությունյանի շփոթվել է
Քիչ առաջ ՀՀ կառավարությունը հաղորդագրություն է տարածել` նշելով, որ յսօր Ազգային ժողովում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի՝ լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում տեղի է ունեցել շփոթմունք:
«Քննարկվում է Տիգրան Ավինյանին ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ նշանակելու հարցը, այլ ոչ թե տնօրենի։ Հայցում ենք ձեր ներողամտությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։
ԶՊՄԿ–ի մասին
Հոկտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը կդառնա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետեր, կառավարումը կիրականացնի վարչապետի աշխատակազմը։ ԶԼՄ–ներում նման որոշումն անվանել են քաղաքական վենդետա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նկատմամբ, որի սեփականատերերն արտահերթ խորհրդարանական ընտրություններում աջակցում էին «Հայաստան» ընդդիմադիր դաշինքին։ Կոմբինատում 2021թ.–ին իրականացվեցին խուզարկություններ և ձերբակալություններ,ամբողջ կոմբինատը շրջապատված էր ուժայինների կողմից։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի խոշորագույն ընկերություններից է և 1000 խոշոր հարկատուներից մեկն է։ Կոմբինատը, որն անվանում են նաև Քաջարանի կամ Սյունիքի պղնձամոլիբդենային կոմբինատ, Քաջարան քաղաքում գործող արդյունաբերական ձեռնարկություն է, որը շահագործում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը։ Կոմբինատի բաժնետերերն են գերմանական «Cronimet Mining»–ը (60%), Երևանի «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ–ն (15%), «Armenian Molybdenum Production» ՍՊԸ–ն և «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ–ն (յուրաքանչյուրը 12,5%):-0-