Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+36

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը վարկային միջոցներ կստանա ՎԶԵԲ–ից և ԱԶԲ–ից շրջանառու կապիտալի համալրման նպատակով

02.06.2020, 15:29
Այս օժանդակութան նպատակն է ամրապնդել ու բարձրացնել ՀԷՑ-ի իրացվելիությունը, ապահովել ընկերության գործունեության շարունակականությունը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը վարկային միջոցներ կստանա ՎԶԵԲ–ից և ԱԶԲ–ից շրջանառու կապիտալի համալրման նպատակով

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) համապատասխանաբար՝ 25 մլն և 20 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ կտրամադրեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը (ՀԷՑ) շրջանառու կապիտալի համալրման նպատակով։

Ինչպես հաղորդում է ՀԷՑ–ի մամուլի ծառայությունը, այս օժանդակութան նպատակն է ամրապնդել ու բարձրացնել ՀԷՑ-ի իրացվելիությունը, ապահովել ընկերության գործունեության շարունակականությունը՝ կենսական նշանակության ծառայությունների մատուցումը, աջակցել առանցքային ենթակառուցվածքներին համավարակից անկախ աշխատելու համար:

Նշվում է, որ վարկային միջոցները հնարավորություն կտան պահպանել հուսալի և անխափան ծառայությունների մատուցման որակը համավարակի տնտեսական հետևանքների վերացման ուղղված պայքարի պայմաններում։

«Ներկայումս դիմակայում ենք մեր ժամանակների ամենամեծ մարտահրավերին: COVID-19-ի համավարակը շատ ավելին է, քան առողջապահական ճգնաժամը․ այն նաև լուրջ սոցիալական ու տնտեսական խնդիրների առջև է կանգնեցնում»,- նշել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը:

«Մենք  մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ԱԶԲ-ի և ՎԶԵԲ-ի մեր գործընկերներին՝ այս դժվարին ժամանակաշրջանում իրենց հանձնառության և մեծ օժանդակության համար», – նշել է նա։

ՎԶԵԲ-ի Երևանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեի խոսքով, համավարակն իր ազդեցությունն ունի թե՛ տնտեսության, թե՛ հասարակության վրա:

«ՀԷՑ-ի աշխատանքը խիստ կարևոր է Հայաստանի էներգետիկ ոլորտի և տնտեսության համար: Մենք ուրախ ենք ՀԷՑ-ին՝ Հայաստանում մեր կարևոր գործընկերոջը, աջակցելու համար», – նշել է Գվինդաձեն։

ԱԶԲ-ի մասնավոր հատվածի գործառնությունների վարչության Հարավային Ասիայի, Կենտրոնական Ասիայի և Արևմտյան Ասիայի ենթակառուցվածքների ֆինանսավորման գծով տնօրեն Շանտանու Չակրաբորտին իր հերթին նշել է, որ ԱԶԲ-ն սերտ հարաբերություններ ունի ՀԷՑ-ի հետ, և ուրախ ենք այս աջակցությունը տրամադրելու համար:

«Կարծում ենք, որ այն նախադեպ կհանդիսանա ճգնաժամի տնտեսական հետևանքների նվազեցմանն ուղղված մասնավոր հատվածի հետագա միջոցառումների համար», – ասել է նա։

Մամուլի հաղորդագրության համաձայն, 2017թ-ին ԱԶԲ-ն և ՎԶԵԲ-ը 160 միլիոն ԱՄՆ դոլարի (յուրաքանչյուրն 80 միլիոն) վարկային միջոցներ են տրամադրել ՀԷՑ-ին, որով նախատեսված է բարելավել էլեկտրաէներգիայի բաշխման որակը և բարձրացնել էներգետիկ անկախությունն ու արդյունավետությունը:

ՀԷՑ-ն ընդգրկված է «Տաշիր» ընկերությունների խմբի կազմում:

«Տաշիր» ընկերությունների խումբը արդյունաբերական և շինարարական խոշորագույն դիվերսիֆիկացված ընկերություններից մեկն է, որը գործունեություն է ծավալում Ռուսաստանի Դաշնության մի քանի տնտեսական ոլորտներում:

Էներգամատակարարման արդյունավետության բարձրացումը ՎԶԵԲ-ի գործունեության հիմնական ուղղություններից մեկն է: Հայաստանում ՎԶԵԲ-ը առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է և ակտիվ գործում է տնտեսության բոլոր ոլորտներում: Հայաստանում իր գործունեությունն սկսելով 1992 թվականին՝ ՎԶԵԲ-ը 1.36 միլիարդ եվրոյի ներդրում է կատարել 178 նախագծում, որոնք ներկայացրել են ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտները, ընդ որում ներդրումների 90%-ը կատարվել է մասնավոր հատվածում:

ԱԶԲ-ն նպատակ ունի հասնել  բարգավաճ, ներառական, դիմակայուն և կայուն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ձևավորմանը՝ միևնույն ժամանակ պահպանելով ծայրահեղ աղքատությունը վերացնելուն ուղղված իր ջանքերը։ Հիմնադրվելով 1966թ-ին՝ այն ունի 68 անդամակից երկիր, որից 49-ը՝ տարածաշրջանից։–0–