Рейтинг@Mail.ru
USD
389.56
EUR
444.14
RUB
4.7117
GEL
141.74
2025 թ. ապրիլի 24, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+10

Հայաստանում դեկտեմբերին արտահանումն ու ներմուծումը երկրորդ ամիսն անընդմեջ անկում են ապրել․ ՀԲ

25.02.2025, 11:40
Հայաստանում դեկտեմբերին արտահանումն ու ներմուծումը երկրորդ ամիսն անընդմեջ տարեկան կտրվածքով անկում են ապրել, նշվում է  ՀԲ–ի Armenia Monthly Economic Update – February 2024» տնտեսական ակնարկում
Հայաստանում դեկտեմբերին արտահանումն ու ներմուծումը երկրորդ ամիսն անընդմեջ անկում են ապրել․ ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում դեկտեմբերին արտահանումն ու ներմուծումը երկրորդ ամիսն անընդմեջ տարեկան կտրվածքով անկում են ապրել, նշվում է ՀԲ–ի Armenia Monthly Economic Update – February 2024» տնտեսական ակնարկում։

«Դեկտեմբերին արտահանումը նվազեց 48․6 տոկոսով (տ/տ) նոյեմբերին 33․7 տոկոսով (տ/տ) կրճատվելուց հետո: Ներմուծումը նույնպես նվազեց՝ դեկտեմբերին կրճատվելով 26.5 տոկոսով (տ/տ), մինչդեռ նոյեմբերին անկումը կազմել էր 18.5 տոկոս», – նշվում է հետազոտության մեջ։

Ակնարկում նշվում է, որ ինչպես նոյեմբերին, այնպես էլ դեկտեմբերին անկումը պայմանավորված է եղել թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման (նվազել է 65 տոկոսով, տ/տ) և ներմուծման կրճատումով (նվազել է 48.8 տոկոսով, տ/տ):

«Տրանսպորտային միջոցների արտահանումն ու ներմուծումը ևս նվազել են համապատասխանաբար 51 տոկոսով և 34 տոկոսով (տ/տ)։ Սա շարունակում է այն միտումը, որը նկատվում էր այն բանից հետո, երբ Վրաստանը 2023թ․ կեսերին արգելեց ավտոմեքենաների վերաարտահանումը Ռուսաստան», – նշվում է ուսումնասիրության մեջ։

ՀԲ–ի վերլուծաբանները նշել են, որ դեկտեմբերին (տ/տ) զգալիորեն աճել է յուղերի և ճարպերի արտահանումը (31 անգամ):

«Առանց թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի և տրանսպորտային միջոցների (հիմնական վերաար-տահանվող ապրանքների) արտահանումը դեկտեմբերին աճեց 4․6 տոկոսով (տ/տ)։ Աճողական 2024թ-ին արտահանումը և ներմուծումն աճեցին 53․1 տոկոսով (տ/տ) և 33․8 տոկոսով (տ/տ) համապատասխանաբար, ընդ որում առևտրի պակասուրդը նվազեց 5․5 տոկոսով», – նշվում է հաշվետվության մեջ։

Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի՝ Հայաստանի արտաքին և փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալը 2024 թվականին, 2023 թվականի համեմատ, աճել է 41,5%-ով և կազմել 30,2 մլրդ դոլար։ Այս ցուցանիշը դեկտեմբերին կազմել է 1,9 մլրդ դոլար՝ 2023 թվականի դեկտեմբերի համեմատ նվազելով 37,3%-ով։

Հայաստանից արտահանումը 2024թ․–ին, 2023-ի համեմատ, աճել է 53,1%-ով՝ հասնելով $13,1 մլրդ-ի։ Դեկտեմբերին այս ցուցանիշը կազմել է $1,1 մլրդ։ Ներմուծումը նախորդ տարի կազմել է 17,1 մլրդ դոլար՝ 2023 թվականի համեմատ գրանցելով 33,8 տոկոսի աճ։ Դեկտեմբերին այս ցուցանիշը կազմել է 757,4 մլն դոլար։