Рейтинг@Mail.ru
USD
382.54
EUR
441.83
RUB
4.7262
GEL
141.43
2025 թ. նոյեմբերի 8, շաբաթ
եղանակը
Երևանում
+3

Կարգավորիչը 3-րդ եռամսյակում ստուգումներ կանցկացնի 40-ից ավել կաթնամթերք արտադրող ընկերություններում

05.08.2021, 11:27
Կիրականացվեն ստուգումներ ինչպես մեծ, այնպես էլ փոքր և միջին արտադրողների մոտ։ Ինչպես նաև ստուգումներ կիրականացվեն պաղպաղակ, պանիր արտադրող կազմակերպություններում
Կարգավորիչը 3-րդ եռամսյակում ստուգումներ կանցկացնի 40-ից ավել կաթնամթերք արտադրող ընկերություններում

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի./ԱՌԿԱ/. Սննդի անվտանգության տեսչական մարմինը պլանավորում է 2021թ.–ի երրորդ եռամսյակում իրականացնել ստուգումներ 40-ից ավել կաթնամթերք արտադրող ընկերություններում։

Այս մասին ասել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը նախօրեին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

«Կիրականացվեն ստուգումներ ինչպես մեծ, այնպես էլ փոքր և միջին արտադրողների մոտ։ Ինչպես նաև ստուգումներ կիրականացվեն պաղպաղակ, պանիր արտադրող կազմակերպություններում», – ասել է Դանիելյանը։

Նա պարզաբանել է նաև, թե ինչպես է ընտրվում ստուգման ենթակա կազմակերպությունը։

«Ինչ վերաբերում է ընտրությանը, մենք ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանություն ունենք, և, ըստ դրա, որոշում ենք, թե որ տնտեսվարողների մոտ է ռիսկն ավելի բարձր, և ընտրում ենք այդ տնտեսվարողներին»,- նշել է սննդամթերքի անվտանգության վարչության պետը:

Մասնագետն անդրադարձել է նաև այն խնդրին, թե ինչու շատ հաճախ մինագամից չեն կասեցնում փոքր ու միջին արտադրամասերի գործունեությունը:

Նրա խոսքով՝ դա բերելու է տնտեսական կոլապսի, ինչպես նաև պարենային անվտանգության հետ կապված խնդիրների: Այդ պատճառով իրենք փուլային են իրականացնում այդ հարցերը, բայց, միևնույն ժամանակ, իրենց համար առաջնային է մարդու կյանքին և առողջությանը վնաս հասցվող խնդիրների շուտափույտ բացահայտումը:

«Չպետք է մոռանանք, որ մենք գործ ունենք մարդկային գործոնի հետ, և ցանկացած դեպքում, խախտումներ կարող են լինել թե´ մեծերի, թե´ փոքրերի մոտ: Մեծերը մեզ համար ռիսկային են այնքանով, որ չնայած եղած սանիտարահիգիենիկ բավարար պայմանների, իրենց դեպքում ռիսկային է իրացումը, որն էլ ստիպում է ուշադրության կենտրոնում պահել»,-պարզաբանել է փորձագետը:

Դանիելյանը նաև նշել է, որ հայտնաբերված խախտումները բազմաթիվ են և բազմաբնույթ:

«Արձանագրվում են սանիտարահիգիենիկ նորմերի անհամապատասխանություն, վ տանգավոր սննդամթերքի արտադրություն, արտադրական տարածքների ոչ պատշաճ վիճակ, մաքրման, ախտահանման աշխատանքների թերի իրականացում, հանդերձարանների ոչ պատշաճ կահավորանք, սանհանգույցների բացակայություն կամ ոչ պատշաճ վիճակ, որոնցով պայմանավորված էլ ստիպված ենք լինում կասեցնել արտադրական գործընթացը», – ասել է Դանիելյանն`ընդգծելով, որ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով սահմանված են տուգանքներ, և սահմանափակումներին զուգահեռ կիրառվում են նաև վարչական պատասխանատվության միջոցներ:

Անդրադառնալով օրեր առաջ «Բանդիվան Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի (պանիր) և մսամթերքի արտադրական գործընթացի կասեցմանը՝ մասնագետը նշել է, կաթնամթերքի արտադրության գործընթացի կասեցումը դադարեցվել է խախտումները վերացնելու հիմքով, իսկ մսամթերքի արտադրամասի գործունեությունը դեռևս կասեցման  փուլում է:

Հիշեցնենք, որ հուլիսի 23–ին տեսչական մարմինը կասեցրեց «Բանդիվան Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի (պանիր) և մսամթերքի արտադրամասերի գործունեությունը հայտնաբերված կոպիտ խախտումների պատճառով։ Ստուգման ընթացքում պարզվել է, որ կաթնամթերքի արտադրամասի սարքավորումները ժանգոտված են, պանրի աղաջրերի համար նախատեսված ավազանները, սրահի պատերը, հատակը պատված են բորբոսով, մսամթերքի արտադրամաում տեխնոլոգիական գործընթացը չի կազմակերպվում այնպես, որ բացառվի հումքի և կիսապատրաստվածքների հանդիպակաց հոսքը պատրաստի սննդամթերքի հետ, չկան լվացարաններ և սանհանգույց: Օրերս անց` հուլիսի 29–ին, կաթնամթերքի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է։–0–