Փաշինյանի օգնական. առավել տուժած 12 ոլորտների 37 հազար աշխատակից 2-րդ անգամ կստանա սոցիալական աջակցություն
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./ԱՌԿԱ/. Հակաճգնաժամային 20-րդ միջոցառման շրջանակում առավել տուժած 12 ոլորտների 37.000 աշխատակիցներ 2-րդ անգամ կստանան սոցիալական աջակցություն, այս անգամ յուրաքանչյուրը 68.000 դրամ՝ անկախ աշխատավարձի չափից, ծրագրի բյուջեն 2.5 միլիարդ դրամ:
Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։
«Աջակցությունը ստանալու դիմումն արդեն հասանելի է https://dimum.ssa.am/ կայքում: Գումարը փոխանցվելու է բացառապես շահառուների բանկային քարտերին: Ստորև ներկայացնում եմ ոլորտների ցանկը, աշխատակիցների քանակը և տնտեսական գործունեության տեսակի դասակարգիչները»,– նշել է Սարգսյանը Facebook-յան իր էջում` ներկայացնելո ցանկը։
1) (I55) Հանրային սնունդ - 22157 աշխատակից (ռեստորան, սրճարան, բար և այլն)
2) (I56) Հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ – 6010 աշխատակից
3) (N79) Զբոսաշրջային ծառայություններ – 2464 աշխատակից
4) (R93.1) Սպորտի բնագավառում գործունեություն - 2066 աշխատակից (սպորտային ակումբներ, լողավազաններ և այլն)
5) (P85.1) Նախադպրոցական կրթություն – 1040 աշխատակից
6) (R92.00.1) Խաղատների գործունեություն - 1039 աշխատակից (այս ոլորտի աշխատակիցներին աջակցությունը տրվում է առաջին անգամ, գործունեությունը պարետի որոշմամբ արգելված է)
7) (R93.2) Զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն – 924 աշխատակից (բիլիարդ, բոուլինգ, սեղանի թենիս, զիփլայն և այլն)
8) (P85.5) Կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում – 341 աշխատակից (նաև վարորդական դպրոց, հաշվապահական, օտար լեզուների և համակարգչային դասընթացներ)
9) (N77) Ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ – 283 աշխատակից
10) (M74.2) Լուսանկարչության բնագավառում գործունեություն – 235 աշխատակից
11) (R90) Ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն – 226 աշխատակից
12) (J59.14.0) Կինոթատրոնների գործունեություն - 140 աշխատակից։–0–