ՏՄՊՊՀ նախագահը ներկայացրել է բժշկական դիմակների և ախտահանիչ միջոցների գների և քանակների վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները

ԵՐԵՎԱՆ. 2 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր տեղի ունեցած ճեպազրույցում ներկայացրելց նախորդ շաբաթվա ընթացքում դեղատներում իրականացված մշտադիտարկման արդյունքները՝ բժշկական դիմակների, ինչպես նաև հակամանրէային ախտահանիչ միջոցների գների և քանակների վերաբերյալ:
ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ հանձնաժողովը նախորդ շաբաթ աշխատել է անգամ կիրակի օրը, որի ընթացքում դիտանցումներ են իրականացվել ավելի քան 90 դեղատներում:
Հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեղատներում առկա է բժշկական դիմակների պակասուրդ, սակայն դա արհեստական պակասուրդ չէ, միաժամանակ որևէ խոշոր տնտեսվարողի մոտ չի աձանագրվել գների բարձրացում:
ՏՄՊՊՀ նախագահը պարզաբանեց, որ որոշ ժամանակ առաջ երկրից բժշկական դիմակների արտահանում է կատարվել, ընդ որում ոչ խոշոր ցանցերի կողմից: Գնային բարձրացումներ են արձանագրվել փոքր տնտեսվարողների մոտ՝ 200-300 դրամի սահմաններում, սակայն նրանք հիմնական խաղացողներ չեն, շուկայի վրա ազդեցություն ունենալ չեն կարող, բացի այդ հանձնաժողովի իրավասությունների տիրույթից դուրս է նրանց նկատմամբ որևէ գործողություն իրականացնելը: Այնուամենայնիվ, Գեղամ Գևորգյանը հորդորել է փոքր դեղատներին նույնպես ցուցաբերել սոցիալական պատասխանատվություն, թույլ չտալ գների չհիմնավորված բարձրացումներ և անհարկի շահարկումների համար առիթ չստեղծել:
«Այժմ աշխատանքներ ենք իրականացնում մեր դրսի գործընկերների՝ մրցակցային մարմինների հետ, որպեսզի մեր տեղական ներմուծողներին նրանց հետ կապենք՝ դիմակների նոր խմբաքանակներ ներմուծելու համար: Սակայն նրանց խոսքով՝ աշխարհում այժմ բժշկական դիմակների դեֆիցիտ կա, ինչպես նաև գների բարձրացում է տեղի ունեցել, հետևապես նոր խմբաքանակներն արդեն ավելի թանկ են լինելու: Ինչու եմ սա նշում, որովհետև այս առումով խոշոր դեղատները մտահոգություններ ունեն, որ եթե դիմակներ ներկրեն և նախկինից թանկ վաճառեն, դա կարող է դիտարկվել որպես գնի անհարկի բարձրացում և այս ալիքի տակ պախարակումների առիթ դառնալ»,- նշեց Գեղամ Գևորգյանը:
Այս համատեքստում նա ընդգծեց, որ Առողջապահության նախարարությունը դիմակներ ունի և նոր խմբաքանակ է ձեռք բերում, այսինքն՝ պետությունը դիմակների անհրաժեշտ պահուստներ ունի և ապահովված է:
Անդրադառնալով հակամանրէային ախտահանիչ նյութերի մասով իրավիճակին՝ Գեղամ Գևորգյանը նշեց, որ խնդիրը 1-2 օրվա մեջ է ծագել: Բնակիչները կորոնավիրուսով հիվանդի վերաբերյալ նորությունից անմիջապես հետո սկսել են Ալկոգելի մեծաքանակ գնումներ կատարել, իսկ շաբաթ-կիրակի օրերին որպես կանոն մատակարարումներ չեն իրականացվում, ինչի պատճառով դեֆիցիտ է առաջացել, սակայն այժմ պատկերը փոխվել է:
Նա հավելեց, որ ի տարբերություն դիմակների՝ Հայաստանում ախտահանիչ միջոցների՝ ալկոգելի, տեղական արտադրություն ունենք, սակայն գործարարները պարզապես պատրաստ չեն եղել նման պահանջարկի, այժմ վերազինում են իրականացնում և մի քանի օրից մեծ ծավալներով արտադրանք կհանեն շուկա:
Հանձնաժողովի նախագահը շեշտեց, որ խոշոր տնտեսվարողների մոտ գնային բարձրացումներ չեն եղել. միաժամանակ վերջիններս պատրաստակամություն են հայտնել հակամանրէային ախտահանիչ նյութերի գներն անփոփոխ թողնել:
Գեղամ Գևորգյանը նաև հավելեց, որ պարենային ապրանքների խուճապային գնումների անհրաժեշտություն չկա. մեր երկրում առկա են պահեստավորված անհրաժեշտ քանակություններ՝ նշելով, որ ՀՀ վարչապետի գլխավորությամբ այսօր տեղի ունեցած կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստում Իրանից բեռնափոխադրումների մասով որոշակի սահմանափակումներ մտցնելու վերաբերյալ որոշում է կայացվել, սակայն այդ երկրից մենք այն ծավալով ներկրում չենք իրականացնում, ինչը շուկայում պակասուրդ կարող է առաջացնել:
Ճեպազրույցի վերջում Գեղամ Գևորգյանը շնորհակալություն հայտնեց խոշոր տնտեսվարողներին համագործակցության, լավ վարքագիծ ցուցաբերելու համար, որոնք օպերատիվ տեղեկատվություն են տրամադրել, անգամ ոչ աշխատանքային օրերին հանձնաժողովի հետ պատրաստակամորեն համագործակցել են:-0-