Ընդհանուր էներգետիկ շուկայի ստեղծումը կօգնի Հայաստանի տնտեսության և անվտանգության զարգացմանը․ փոխնախարար
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Տարածաշրջանի երկրների հետ ընդհանուր էներգետիկ շուկայի ստեղծումը կօգնի Հայաստանի տնտեսության ու անվտանգության զարգացմանը, ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։
«Մենք ակտիվորեն խոսում ենք ընդհանուր էներգետիկ շուկայի մասին։ Կարծում եմ, որ դա օգուտ կբերի մեր երկրին։ Ճիշտ է, Հայաստանը չունի ուղիղ էներգետիկ կապեր միասնական էներգետիկ համակարգի, Ռուսաստանի և այլ երկրների հետ, բայց շուտով մենք կկառուցենք նոր էլեկտրահաղորդման գծեր Վրաստանի հետ, և Վրաստանի միջոցով մենք կհաստատենք զուգահեռ աշխատանք։ Կարծում ենք, որ դա մեզ կօգնի ավելացնել երկրի էներգետիկ անվտանգությունը, չպահել այդքան շատ պաշարներ», - ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը Եվրասիական երրորդ տնտեսական համաժողովում։
Նա նշեց, որ Հայաստանում էլեկտրաէներգիան թանկ է, այդ թվում՝ մեծ պահուստային հզորությունների անհրաժեշտության և դրանց ծառայությունների դիմաց վճարման պատճառով։ Փոխնախարարը նշեց, որ միասնական էներգահամակարգին միանալը թույլ կտա անհրաժեշտության դեպքում միանալ ու անջատվել դրանից, ինչը Հայաստանին կտա մի քանի առավելություն։
«Դա մի շարք առավելություններ կբերի մեր էներգետիկ համակարգին։ Առաջին հերթին մեկ կՎտժ–ի ծախսերը զգալիորեն ավելի ցածր կլինեն՝ ընթացիկի համեմատ։ Էներգետիկ անվտանգությունը կլինի ավելի բարձր, իսկ տնտեսությունը կզարգանա, քանի որ կհայտնվի էլեկտրաէներգիայի արտահանման անվերջ հնարավորություն», – ասաց փոխնախարարը։
Վարդանյանը նշեց, որ Հայաստանն այս պահին սպառում է 7 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա և նույնքան էլ կարող է արտադրել արտահանման նպատակով։
«Դա նշանակում է, որ մենք հիմա վճարում ենք հզորության համար, բայց այն պարապուրդի է մատնված, և հայ սպառողները վճարում են դրա համար։ եթե ինտեգրում տեղի ունենա, ապա հնարավոր կլինի գործարկել այդ հզորությունները, և մեր սպառողները կդադարեն վճարել պարապուրդի մատնված հզորությունների համար», – ավելացրեց նա։