ՎԶԵԲ–ը նախատեսում է 2024թ․–ին Հայաստանում ներդնել մինչև 500մլն եվրո

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի․/ԱՌԿԱ/․ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասոն Երևանում կայացած տարեկան ժողովի ժամանակ հայտարարեց, որ բանկը նախատեսում է 2024 թվականի ընթացքում մինչև 500 միլիոն եվրոյի ներդրում կատարել։
«Սա պատմական ցուցանիշ կլինի մեր ներդրումների առումով այս երկրում։ Սա վկայում է այն մասին, որ մենք սերտորեն համագործակցում ենք թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածի հետ»,– ասաց նա՝ նշելով, որ վերջին 5 տարիներին Հայաստանում արդեն ներդրվել է 640մլն եվրո, որի 50%–ը՝ մասնավոր հատվածում։
Ռենո-Բասոն առանձնացրեց հինգ բաղադրիչ, որոնք արտացոլում են երկրի ներքին ներուժը.
- տեղեկատվական տեխնոլոգիաներ
- ֆինանսական համակարգի կայունություն
- բիզնես միջավայր
- «կանաչ» հավակնություններ
- տարածաշրջանային փոխկապակցվածություն
Մասնավորապես, առաջին բաղադրիչի շրջանակում նա նշեց Հայաստանում մարդկային կապիտալի մեծ ներուժը։
Հինգերորդ բաղադրիչի վերաբերյալ նա հայտարարեց, որ ուկրաինական իրադարձությունների պատճառով մեծացել է Եվրոպայի և Ասիայի միջև կայուն հաղորդակցության հաստատման անհրաժեշտությունը, ինչը Հարավային Կովկասի տարածաշրջանն ու Հայաստանը, մասնավորապես, վերածում են միջազգային առևտրի և ներդրումների գրավիչ օղակի։
ՎԶԵԲ–ի մասին
ՎԶԵԲ–ն Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրողներից է։ Հայաստանում բանկի հիմնական առաջնահերթությունների թվում են ընկերությունների մրցունակության բարձրացումն ու ռիսկերի բաշխման պրոդուկտների միջոցով ֆինանսական հատվածի միջնորդությանն աջակցելը։ Հայաստանում գործունեության ընթացքում ՎԶԵԲ–ը 211 ծրագրերի շրջանակում ներդրել է ավելի քան 2,1մլրդ եվրո այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, ենթակառուցվածքը, հեռահաղորդակցությունն ու ֆինանսները։