Ադրբեջանի ռազմական ագրեսիան չի ազդի Հայաստանի տնտեսության վրա, տարվա արդյունքում սպասվում է ՀՆԱ–ի 3%–ոց աճ. նախարար
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./ԱՌԿԱ/. Ղարաբաղա–ադրբեջանական ուժերի շփման գծում Ադրբեջանի ռազմական ագրեսիան չի ազդի Հայաստանի տնտեսության վրա, տարվա արդյունքում սպասվում է ՀՆԱ–ի աճ, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով` Ադրբեջանի կողմից Ղարաբաղում ծավալած ռազմական գործողությունները մտահոգություն առաջացրեցին բազմաթիվ փորձագետների շրջանում, որոնք վերաբերում էին նաև տարեվերջին Հայաստանում տնտեսական աճի ապահովման հնարավորությանը։
«Սակայն կարող եմ վստահեցնել, որ այս պահին մենք ակնկալում ենք ավելի քան 3 տոկոսանոց աճ տարվա վերջում», – ասաց Մինասյանը։
Նախարարի խոսքով` Հայաստանը հիմա մեծ ջանքեր է գործադրում` տնտեսության աճ ապահովելու համար, ինչն ակնհայտ կդառնա տարեվերջի ցուցանիշներից։
Պետբյուջեի համաձայն` Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2016 թ.–ին նախատեսված է 2,2 տոկոսի չափով։ ՀԲ–ի վերջին կանխատեսմամբ` հանրապետության տնտեսական աճը 2016 թ.–ին կկազմի 1,9 տոկոս, Եվրասիական զարգացման բանկն ակնկալում է 2–2,5 տոկոսի աճ, Fitch–ը` մինչև 2 տոկոս, Moody’s–ը 2016 թ.–ին ակնկալում է Հայաստանի ՀՆԱ–ի աճի դանդաղում` մինչև 2,2 տոկոսի չափով։
ԱՎԾ–ի տվյալներով` Հայաստանում տնտեսական աճը 2015թ.–ին կազմել է 3 տոկոս` պետբյուջեում ամրագրված 4,1 տոկոսի համեմատ։ –0–