Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2016 թ.–ին կկազմի 2%. Fitch կանխատեսում
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը 2016 թ.–ին Հայաստանի ՀՆԱ–ի աճի կանխատեսումը նվազեցրել է մինչև 2%, նշվում է գործակալության պաշտոնական կայքում։
Հուլիսյան ամփոփագրում գործակալությունը կանխատեսում էր, որ հայկական տնտեսությունը կաճի 2,5 տոկոսով։
«Fitch–ը 2016 թ.–ին Հայաստանի տնտեսության աճը կանխատեսում է 2 տոկոսի, իսկ 2017 թ.–ին` 2,8 տոկոսի սահմանում, միաժամանակ կանխատեսումները կախված են արտաքին պայմաններից», – նշվում է հաղորդագրության մեջ։ Fitch–ը նաև վերանայել է 2015 թ.–ին Հայաստանի ՀՆԱ–ի աճի կանխատեսումը` 1,5 տոկոսից դարձնելով 2,7 տոկոս։
Գործակալության գնահատականների համաձայն` հանրապետությունում ներքին պահանջարկը նվազել է 4,9 տոկոսով, իսկ զուտ առևտուրն աճ է գրանցում։ Հայաստանի ներկրումը 9 ամսում նվազել է 26 տոկոսով, իսկ արտահանումն` ընդամենը 1 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է Թեղուտ պղնձա–մոլիբդենային հանքավայրի բացմամբ և գյուղատնտեսական արտադրանքի ակտիվ աճով։
Ինչպես նշվում է զեկույցում, հայկական տնտեսության վրա ազդում են արտաքին ազդակները, ինչպես նաև Ռուսաստանի տնտեսության անկումն ու հումքի համաշխարհային գների նվազումը, ինչը 2014 թ.–ի վերջին հանգեցրեց ֆինանսական լուրջ ճնշման և 2015 թ.–ին ներքին պահանջարկի կտրուկ նվազման։
2014 թ.–ին Ռուսաստանին բաժին է ընկել Հայաստան իրականացրած դրամական փոխանցումների 80 տոկոսը (ՀՆԱ–ի 14 տոկոս), արտահանման 20 տոկոսը և ուղիղ օտարերկրյա ներդրումների 44 տոկոսը, պղնձի արտահանմանը բաժին է ընկնում 22 տոկոս, այլ մետաղներին, հանքաքարերին և ոսկուն` 26 տոկոս։
Դրամական փոխանցումները 2015 թ.–ի ինը ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել են 33 տոկոսով (ՀՆԱ–ի 4,5 տոկոսը), իսկ պղնձի գինը 2015 թ.–ի դեկտեմբերին նվազել է 28 տոկոսով։
«Այդուհանդերձ, Հայաստանը նկատելիորեն կայուն է ցնցումների նկատմամբ` գրանցելով առևտրի բարձր ցուցանիշներ, ունենալով հասանելիություն միջազգային ֆինանսավորման նկատմամբ և իրականացնելով արձագանքման արդյունավետ քաղաքականություն ԱՄՀ–ի ծրագրի աջակցությամբ։ Քանի որ նավթի, ռուբլու և պղնձի գները շարունակում են մնալ միջին ցուցանիշներից ցածր մակարդակում, դեռևս վաղ է խոսել արտաքին գործոնների չեզոքացման մասին», – նշում է գործակալությունը։
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը «В+» մակարդակում հաստատել է արտարժույթով և ազգային արժույթով Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշերը։ Վարկանիշերի կանխատեսումը չի փոխվել` «Կայուն»։
Պետբյուջեի համաձայն` Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2015 թ.–ին նախատեսված է 4,1 տոկոսի սահմանում։ 2016 թ.–ի հաստատված պետբյուջեի համաձայն` ՀՆԱ–ի իրական աճն ընթացիկ տարում նախատեսված է 2,2 տոկոսի սահմանում։ ՀԲ–ի վերջին կանխատեսմամբ` Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2016 թ.–ին կկազմի 2,2 տոկոս։ ՎԶԵԲ–ի կանխատեսմամբ` Հայաստանի տնտեսությունը կաճի 2,2 տոկոսով։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
12:11 25.01.2016