Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտը կարող է շահավետ ներդրում դառնալ. ԱՄՆ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտը կարող է շահավետ ներդրում դառնալ հայ ժողովրդի համար, չորեքշաբթի «Հայաստանի ժամանակակից հանքարդյունաբերությունը» բիզնես-համաժողովի բացման ժամանակ ասաց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Միջոցառումը կազմակերպվել է HSBC բանկի, ինչպես նաև Տնտեսական զարգացման և ներդրումների, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների կողմից: Միջոցառման անցկացման նպատակը կապերի հաստատումն է Հայաստանի հանքարդյունաբերողների ու ամերիկյան հայտնի ընկերությունների միջև, որոնք առաջարկում են այնպիսի ապրանքներ ու ծառայություններ, որ մեծացնում են հանքարդյունաբերության արդյունավետությունը, աշխատողների անվտանգությունը և օգնում բնապահպանական հարցերում:
«Հանքարդյունահանումը, եթե կատարվում է պատասխանատու ու թափանցիկ կերպով և միջազգային բնապահպանական ու սոցիալական ամենաբարձր նորմերին համահունչ, կարող է լինել հաջող և շահավետ ներդրում Հայաստանի ժողովրդի համար», - ասաց Միլսը:
Նրա խոսքով, կենսունակ հանքարդյունահանումը` նորագույն տեխնոլոգիաների ու սարքավորումների կիրառմամբ, անվտանգ կլինի ոլորտի աշխատողների համար ու հնարավորություն կտա պահպանել Հայաստանի շրջակա միջավայրը։
«Այսօր մեր ուշադրության կենտրոնում հանքարդյունաբերության ոլորտն է, քանի որ ինչպես գիտեք, դա Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղերից մեկն է, որը զգալի մասնաբաժին ունի երկրի ՀՆԱ–ում և արտահանման մեջ», - ասաց Միլսը:
Նրա կարծիքով, այս ոլորտը զարգացման մեծ ներուժ ունի Հայաստանում, կան հաջողության հասած և ընդլայնվող ընկերությունների օրինակներ:
«Մենք ուզում ենք, որ նրանք աճ ունեն և միաժամանակ պահպանվի երկրի բնական գեղեցկությունը, ներդրումներ կատարվեն այն համայնքներում, որտեղ արդյունահանում են իրականացում, և ապահովվի աշխատուժի պատշտպանվածությունը», - ասաց Միլսը:
Նա նշեց, որ ԱՄՆ դեսպանատունն ակտիվորեն աշխատում է Հայաստան ներդրումներ գրավելու և երկրների միջև առևտրային հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ:
«Ես հավատում եմ, որ ամերիկացի ներդրողները կգան Հայաստան: Մենք դրական տեղաշարժ ենք տեսնում կոռուպցիայի դեմ պայքարում, և 2017 թ.-ին ԱՄՆ դեսպանատունը պատրաստվում է շարունակել օգնել Հայաստանին այդ պայքարում», - ասաց Միլսը:
Համաժողովին մասնակցում են 7 ամերիկյան առաջատար ընկերություններ և հանքարդյունահանող ոլորտում գործող 35 հայկական հանքարդյունահանող ընկերություններ։-0-