Կառավարությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Վայոց Ձորի ընկերությունների հետագա զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /ԱՌԿԱ/. Կառավարությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Վայոց Ձորի ընկերությունների հետագա զարգացմանը, ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վայոց Ձոր կատարած այցի ժամանակ:
Աբրահամյանը, մասնավորապես, այցելել է Վայք, եղել տեղի բուժմիավորումում, որտեղ վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է հեմոդիալեզի բաժանմունք՝ նորագույն սարքավորումներով:
Բուժհաստատության ղեկավարներն ու բուժում ստացող քաղաքացիները շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին՝ բաժանմունքի ստեղծմանն աջակցելու համար և նշել, որ այն Վայքի տարածաշրջանի բնակիչների համար ունի մեծ կարևորություն:
Բացի այդ, Վայքում Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել վերակառուցված քաղաքային պուրակի բացմանը: Պուրակում քաղաքացիների հանգստի և ժամանցի համար ստեղծվել են անհրաժեշտ պայմաններ, կառուցվել է շատրվան, խաղահրապարակ:
Հովիկ Աբրահամյանն այցելել է նաև Վայքի հիմնանորոգված «Արևիկ» մարզադաշտ, որը տեղավորում է 2000 հանդիսական: Մարզադաշտի տրիբունայում տեղադրվել են նոր նստարաններ, կառուցվել է ծածկ, վերանորոգվել են հանդերձարանները և կատարվել այլ անհրաժեշտ աշխատանքներ:
Աբրահամյանը գոհունակություն է հայտնել Վայքի բուժհաստատությունում, քաղաքային պուրակում և մարզադաշտում իրականացված աշխատանքներից և հիշեցրել, որ նախորդ տարի Վայք կատարած այցի ընթացքում տեղի բնակիչներն խնդրել էին բարեկարգել պուրակը, վերանորոգել մարզադաշտը, իսկ բուժհաստատությունը համալրել հեմոդիալեզի բաժանմունքով:
«Վայոց ձոր այցի ընթացքում ականատես եղանք, որ մարզում զարգանում է նաև փոքր և միջին բիզնեսը՝ գինեգործության, պանրագործության, անասնապահության ոլորտներում: Վայոց ձորը գինեգործության ոլորտում ունի մեծ ներուժ և հնարավորություններ և դրանք պետք է առավելագույնս օգտագործել»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ կառավարությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել՝ ընկերությունների հետագա զարգացմանը:
Վարչապետի խոսքով, կառավարության և քաղաքապետարանի կողմից լուրջ ծրագրեր են իրականացվում նաև Ջերմուկում՝ ուղղված քաղաքի ենթակառուցվածքների զարգացմանը, որպեսզի Ջերմուկը դառնա ավելի գրավիչ զբոսաշրջության համար: -0-