Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+27

Հայտնի է «Armenia» ավիաընկերության առաջին չվերթի ամսաթիվը

09.03.2016, 11:58
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը հայտնել է «Armenia» ավիաընկերության առաջին չվերթի ամսաթիվը։
Հայտնի է «Armenia» ավիաընկերության առաջին չվերթի ամսաթիվը

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը հայտնել է «Armenia» ավիաընկերության առաջին չվերթի ամսաթիվը։

««Armenia» ավիաընկերության առաջին չվերթը տեղի կունենա ապրիլի 21-ին, ուղղությունը՝ Իսրայել։ Չվերթի ավիատոմսերն արդեն վաճառքում են», - հայտնել է Գրձելյանը Facebook–յան իր էջում։

ՔԱԳՎ–ի տվյալներով` «Armenia» ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (բաժնետոմսերի 51տոկոսը), Թամազ Գայիաշվիլին (25 տոկոս) և Ռոբերտ Հովհաննիսյանը (24 տոկոս)։ Թամազ Գայիաշվիլին «Airzena» վրացական ավիաընկերության հիմնադիրն է և ընկերության տնօրենների խորհրդի նախկին նախագահը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը Գայիաշվիլու նախկին տեղակալն է։ Ինչպես ավելի վաղ հայտնել են ԶԼՄ–ները, նոր ավիաընկերության աշխատակիցների մեծ մասը կներգրավվեն «Airzena»–ի աշխատակազմից, իսկ ավիապարկը կձևավորվի «Airzena»–ի շահագործած ինքնաթիռներից։

ՀՀ կառավարությունը 2013 թ.–ի հոկտեմբերի 23–ին հաստատել է «Հայաստանում ավիափոխադրումների մրցակցային և շարունակական ծառայությունների տրամադրման ապահովման ծրագիրը», որը հիմնված է «McKinsey & Company» ընկերության և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի համատեղ ուսումնասիրության վրա։ 

Բաց երկնքի քաղաքականության ընդունումից հետո հայկական շուկա դուրս եկան նոր ավիաընկերություններ և վերադարձան Հայաստանում ավելի վաղ գործող կազմակերպությունները։ Մասնավորապես, 2015 թ.–ի վերջի տվյալներով` դեպի Հայաստան չվերթեր են իրականացրել Aegean Airways–ը, Georgian Airways–ը, Iraqi Airways–ը, Al Naser–ը, Mahan Air–ը, Middle East Airways–ը, S7 Airlines–ը, Czech–ը, LOT–ը։ Երևան–Դոհա–Երևան ուղիղ չվերթերի իրականացման հարցում հետաքրքրված է նաև Qatar Airways ավիաընկերությունը։–0–