Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+31

Հայաստանն ու Իրանը համաձայնություն են ձեռք բերել հիդրոէներգետիկայի ոլորտում երեք նախագծերի իրականացման շուրջ

06.11.2013, 14:36
Հայաստանի և Իրանի էներգետիկայի նախարարներ Արմեն Մովսիսյանն ու Համիդ Չիտչյանը նախօրեին Թեհրանում համաձայնություն են ձեռք բերել հիդրոէներգետիկայի ոլորտում երեք նոր նախագծերի իրականացման շուրջ, հաղորդում է ԻՌՆԱ իրանական գործակալությունը։
Հայաստանն ու Իրանը համաձայնություն են ձեռք բերել հիդրոէներգետիկայի ոլորտում երեք նախագծերի իրականացման շուրջ
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Իրանի էներգետիկայի նախարարներ Արմեն Մովսիսյանն ու Համիդ Չիտչյանը նախօրեին Թեհրանում համաձայնություն են ձեռք բերել հիդրոէներգետիկայի ոլորտում երեք նոր նախագծերի իրականացման շուրջ, հաղորդում է ԻՌՆԱ իրանական գործակալությունը։

«Համաձայնագրերը վերաբերում են էլեկտրաէներգիայի և բնական գազի փոխանակմանը, Արաքս գետի վրա նոր ՀԷԿ–ի կառուցմանը, ինչպես նաև երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի փոխանցման ծավալի ավելացմանը», – համաձայնագրի ստորագրումից հետո ասել է Չիտչյանը լրագրողներին։

Իրանցի նախարարը նաև նշել է, որ  էլեկտրաէներգիայի փոխանակմանը նվիրված բանակցությունների ընթացքում քննարկվել է էլեկտրահաղորդալարերի նոր գծերի ստեղծման հարցը, որի շինարարության ֆինանսավորումը կապահովվի երկու կողմերի մասնակցությամբ։ Միաժամանակ նա ավելացրել է, որ էլեկտրահաղորդալարերի նոր գծերի կառուցումը թույլ կտա 10 տոկոսով ավելացնել էլեկտրաէներգիայի փոխանցման ծավալը։

Չիտչյանը նաև տեղեկացրել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև Իրանից Ռուսաստան էլեկտրաէներգիայի արտահանման հարցը։ Այս կապակցությամբ նա նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջով Իրանից դեպի Ռուսաստան էլեկտրաէներգիայի արտահանման մասին։

ՀՀ էներգետիկայի նախարար Մովսիսյանն իր հերթին լրագրողներին հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունն աջակցում է բարձրավոլտ էլեկտրահաղորդալարերի երրորդ գծի և Արաքս գետի վրա նոր ՀԷԿ–ի կառուցմանը։

Ներկայում Հայաստանի և Իրանի միջև գործում են երկու բարձրավոլտ ԷՀԼ–ներ, որոնց միջոցով երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի սեզոնային երկկողմ փոխադրումներ են իրականացվում զրոյական սալդոյով։ Հայաստանի և Իրանի էներգահամակարգերի միջև էլեկտրաէներգիայի փոխանցման հզորություններն ավելացնելու նպատակով Իրան–Հայաստան երրորդ ԷՀԼ–ի կառուցման մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։

Այս տարվա հունիսին Արմեն Մովսիսյանը տեղեկացրել է, որ Հայաստանի և Իրանի միջև նոր բարձրավոլտ ԷՀԼ–ն պատրաստ կլինի 2014 թ.–ի կեսերին, և նրա կառուցումը հնարավորություն կտա Իրանից ներկրել մոտ 1 մլրդ խորանարդ մետր գազ` դրա փոխարեն մատակարարելով 3–3,5 մլրդ կՎտ էլեկտրաէներգիա։–0–