Рейтинг@Mail.ru
USD
389.25
EUR
439.39
RUB
4.7251
GEL
141.96
2025 թ. մայիսի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+22

Հայաստանն այլևս չի ստանալու արտոնյալ վարկեր միջազգային ֆինանսական կազմակերպություններից

03.10.2013, 17:34
Հայաստանն այլևս չի ստանալու արտոնյալ վարկեր միջազգային ֆինանսական կազմակերպություններից, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը։
Հայաստանն այլևս չի ստանալու արտոնյալ վարկեր միջազգային ֆինանսական կազմակերպություններից
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանն այլևս չի ստանալու արտոնյալ վարկեր միջազգային ֆինանսական կազմակերպություններից, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը։
«Հայաստանն աղքատ երկրների կատեգորիայից անցել է միջին եկամուտներ ունեցող երկրների կատեգորիա։ Այսպիսով, Հայաստանն այլևս չի ստանալու արտոնյալ վարկեր ոչ Արժույթի միջազգային հիմնադրամից, ոչ Համաշխարհային բանկից, ոչ էլ այլ միջազգային կազմակերպություններից», – ասել է Սարգսյանը։

Նրա խոսքերով` հենց այդ պատճառով Հայաստանը սկսել է ֆինանսավորում փնտրել։ «Հենց սրանով է պայմանավորված հայկական եվրապարտատոմսերի թողարկումը», – ավելացրել է նա։

Հայաստանը սեպտեմբերի 19–ին առաջին անգամ եվրապարտատոմսերի թողարկում է իրականացրել։ Թողարկման ծավալը 700 մլն ԱՄՆ դոլար է, մարման ժամկետը՝ 7 տարի,եկամտաբերությունը՝ 6 տոկոս: Հիմնական տեղաբաշխողներն են` Deutsche Bank AG, London Branch, HSBC Bank plc և J.P.Morgan Securities plc։

Եվրապարտատոմսերի թողարկումը նախարարը պայմանավորել է նաև մի շարք այլ գործոններով։

«Առանց պետական պարտատոմսերի Հայաստանի մասնավոր հատվածը միջազգային շուկաներում միջոցներ է գրավում վատ պայմաններով և բարձր տոկոսադրույքով։ Բացի այդ, եվրապարտատոմսերի թողարկումը կարող է դիվերսիֆիկացնել երկրի արտաքին պարտքը», – պարզաբանել է նա։

Նախարարը նաև կարևորել է եվրապարտատոմսերի թողարկման պահը։

«Այսօր աշխարհում պատմության մեջ ամենացածր տոկոսադրույքներն են։ Ճգնաժամից դուրս գալուն զուգընթաց տոկոսադրույքները կարող են աճել։ Այդ պատճառով շատ զարգացող երկրներ որոշել են պարտատոմսեր թողարկել հիմա, այլ ոչ թե մեկ տարի անց», – ավելացրել է նա։

Հայաստանի կառավարությունն առաջին եվրապարտատոմսերի թողարկման հայեցակարգը հավանության էր արժանացրել այս տարվա մայիսին։ Հայկական եվրապարտատոմսերում ոչ ռեզիդենտների կողմից կատարվող ներդրումների խթանման նպատակով իրականացվել են օրենսդրական փոփոխություններ, ըստ որոնց` արտարժույթով հայկական պետական պարտատոմսերում ոչ ռեզիդենտների կողմից կատարված ներդրումներից ստացված եկամուտները կազատվեն շահութահարկից։–0–