ԱՄՀ-ն բարելավել է 2026 թ.-ի համար Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ակնկալում է, որ Հայաստանի տնտեսությունը 2026 թ.-ի արդյունքներով կաճի 5,5%-ով։ Նման կանխատեսում է պարունակում «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» (World Economic Outlook, October 2026) հոկտեմբերյան զեկույցը։
Ընթացիկ տարվա ապրիլին հրապարակված համանման զեկույցում ԱՄՀ-ն 2026 թ.-ին Հայաստանում կանխատեսում էր 5,3% տնտեսական աճ։ Ընթացիկ զեկույցում նշվում է, որ հայկական տնտեսության աճը 2027 թ.-ին նույնպես կկազմի 5,5% (ապրիլյան զեկույցում կանխատեսումը նույնական էր):
ԱՄՀ վերլուծաբանները նաև ակնկալում են, որ գնաճը Հայաստանում 2026 թ.-ին կկազմի 4,6%, իսկ 2027 թ.-ին կդանդաղի մինչև 3,6%:
Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ
2026 թ.-ի պետական բյուջեում Հայաստանի տնտեսական աճը նախատեսված է 5,4% չափով։ ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալներով՝ Հայաստանի ՀՆԱ-ն 2026 թ.-ի II երկամսյակում աճել է 6,7%-ով՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ տնտեսական ակտիվության աճը 7 ամսում կազմել է 7,7%՝ տարեկան կտրվածքով, ինչը, Համաշխարհային բանկի գնահատմամբ, գերազանցում է նախնական կանխատեսումները:
Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի Դրամավարկային քաղաքականության ՀՀ ԿԲ հաշվետվության համաձայն՝ 2026 թ.-ի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ի աճը, սցենարից կախված (A-B), սպասվում է 5,7-5,3% միջակայքում:
Միջազգային ֆինանսական կառույցների կողմից 2026 թ.-ի համար Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները՝ ՀԲ՝ 5,6%, ԱՄՀ՝ 5,5%, ԱԶԲ՝ 5%, ՎԶԵԲ՝ 5,5%, ԵԱԶԲ՝ 6%, S&P Global Ratings՝ 4,9%, Fitch Ratings՝ 5,2%: