Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+5

Coca-Cola Hellenic Bottling Company Armenia-ն տուգանվել է գերիշխող դիրքը չարաշահելու համար

26.02.2016, 20:06
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 50 մլն դրամով տուգանել է «Coca-Cola Hellenic Bottling Company Armenia» ընկերությանը  գերիշխող դիրքը չարաշահելու համար։
Coca-Cola Hellenic Bottling Company Armenia-ն տուգանվել է գերիշխող դիրքը չարաշահելու համար
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 50 մլն դրամով տուգանել է «Coca-Cola Hellenic Bottling Company Armenia» ընկերությանը  գերիշխող դիրքը չարաշահելու համար, հաղորդում են տեղական ԶԼՄ–ները։

Որոշումն ընդունվել է «Ջերմուկ Ինտերնեյշնլ Պեպսի–Կոլա Բոթլեր» ընկերության ներկայացրած բողոքի հիման վրա, ըստ որի` «Coca-Cola» ՓԲԸ–ն խոչընդոտներ է ստեղծում մրցակիցների` շուկա դուրս գալու համար։

Մասնավորապես նշվում է, որ «Դալմա Գարդեն Մոլի» հանրային սննդի ծառայությունների մատուցման գոտում գործող 11 ձեռնարկություններ հրաժարվում են ձեռք բերել և իրացնել «Pepsi-Cola» ըմպելիքը։  

ՏՄՊՊՀ–ի նախագահ Արտակ Շաբոյանն ընդգծել է, որ գերիշխող դիրքի չարաշահումն արտահայտվում է հակամրցակցային գործունեությամբ, քանի որ ընկերությունը ստիպում է հանրային սննդի բազմաթիվ օբյեկտներին վաճառել միայն «Coca-Cola»։

Հանձնաժողովն ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ «Coca-Cola» ընկերությունն առաջարկում է ձեռներեցներին մի շարք շահավետ պայմաններ` զեղչեր, ակցիաներ և գնում է որոշակի զիջումների, եթե նրանք համաձայնում են իրացնել միայն այդ ընկերության ըմպելիքները, նշվում է հաղորդագրության մեջ։
Հայաստանում «Coca-Cola» ընկերությունը 2005 թ.–ին տուգանվել է 2004 թ.–ին ստացված շահույթի 1 տոկոսի չափով (100 հազար դոլար)։–0–