Համաշխարհային բանկը պատրաստ է շարունակել աջակցությունը ՀՀ գյուղատնտեսության ռազմավարական բարեփոխումներին
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Համաշխարհային բանկը պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ռազմավարական բարեփոխումներին։
Այս մասին հայտարարել է Համաշխարհային բանկի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում գյուղատնտեսության և պարենի ղեկավար Հոլգեր Կրեյը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի հետ հանդիպմանը, հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Կրեյը բարձր է գնահատել իրականացվող աշխատանքների դինամիկան և ընդգծել ագրոպարենային արժեշղթաների հզորացման ու տեղական արտադրանքի մրցունակության բարձրացման կարևորությունը։
Հանդիպմանը քննարկվել են ագրոպարենային ոլորտում Հայաստանի և Համաշխարհային բանկի համատեղ ծրագրերի ընթացքն ու դրանց հետագա ընդլայնման հեռանկարները։
Խոջոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության 2026-2031 թվականների ծրագրով նախատեսված տնտեսական զարգացման առաջնահերթություններն ու դրանց իրականացման հիմնական ուղղությունները։
Նրա խոսքով՝ կառավարությունը վարում է արդյունավետ գյուղատնտեսության զարգացման, մրցունակ և բարձրարժեք արտադրանքի արտադրության, ինչպես նաև տեխնոլոգիապես հագեցած և ժամանակակից գյուղատնտեսական համակարգի ձևավորման քաղաքականություն։
Կողմերը կարևորել են «խելացի» և կլիմայակայուն գյուղատնտեսության զարգացումը, հողային ու ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը և պարենային համակարգերի հզորացումը։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ակտիվ համագործակցությունը՝ առկա ծրագրերի արդյունավետ իրականացման և նոր նախաձեռնությունների առաջմղման ուղղությամբ։