Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 11, ուրբաթ
եղանակը
Երևանում
+34

Երևանում 2015թ.–ի մայիսին կկայանա հայ–ֆրանսիական երկրորդ տնտեսական համաժողովը. դեսպան

04.02.2015, 15:23
Երևանում 2015թ.–ի մայիսին նախատեսվում է անցկացնել հայ–ֆրանսիական երկրորդ տնտեսական համաժողովը, չորեքշաբթի հայտարարեց ՀՀ–ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆրանսուա Շարպանտիեն։
Երևանում 2015թ.–ի մայիսին կկայանա հայ–ֆրանսիական երկրորդ տնտեսական համաժողովը. դեսպան
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. Երևանում 2015թ.–ի մայիսին նախատեսվում է անցկացնել հայ–ֆրանսիական երկրորդ տնտեսական համաժողովը, չորեքշաբթի հայտարարեց ՀՀ–ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆրանսուա Շարպանտիեն։

«Գործարար համաժողովի հիմնական ուղղությունները կլինեն նորաձևությունը, հագուստն ու դիզայնը, ինչպես նաև` խաղաղողագործության և գինեգործության համար նախատեսված սարքավորումները։ Երկրորդ թեման չի կարող չհետաքրքրել Հայաստանին», – չորեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց Շարպանտիեն։

Նրա խոսքով` հիմա Հայաստանի և Ֆրանսիայի միջև առևտրաշրջանառությունը կազմում է մոտ 50 մլն եվրո։ Հարկավոր է երկկողմ հարաբերություններն ավելի հագեցած դարձնել, ավելի ակտիվ օգտագործել գոյություն ունեցող գործիքները, դա և՛ Ֆրանսիայում գործող հայ–ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատն է, և՛ Հայաստանում գործող հայ–ֆրանսիական գործարար ակումբը, ինչպես նաև` Հայաստանի զարգացման հիմնադրամը։

«Հայաստանում զարգացման ֆրանսիական գործակալության ներդրումների ծավալը մինչև 2015 թվականի վերջ կկազմի մոտ 1 մլն եվրո, ինչը գործունեության երկու տարում բավականին տպավորիչ գումար է կազմում», – ասաց Շարպանտիեն։

Հայ–ֆրանսիական առաջին տնտեսական համաժողովն անցկացվել է Երևանում 2014թ.–ի մայիսին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան կատարած երկօրյա այցի շրջանակում։

ԱՎԾ տվյալների համաձայն` Ֆրանսիայի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2014 թ.–ին կազմել է մոտ 84,9 մլն դոլար կամ հանրապետության համախառն արտաքին առևտրաշրջանառության 1,4 տոկոսը` տարվա ընթացքում ավելանալով 20,5 տոկոսով։–0–